Home / Հայաստան / Սմբատ Այվազյանը դեռ չի որոշել՝ լքելու է «Հանրապետությունը», թե ոչ

Սմբատ Այվազյանը դեռ չի որոշել՝ լքելու է «Հանրապետությունը», թե ոչ

Սմբատ Այվազյանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել «Հանրապետություն» կուսակցությունում մնալու վերաբերյալ: Այս մասին նա այսօր հայտարարել է «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ:

Ղազարյանի հարցին, թե ինչով է պայմանավորված «Հանրապետություն» կուսակցության պասիվությունը, Այվազյանը պատասխանել է, որ չի կարող հստակ պատճառներ նշել:

«Ես ինքս անհատականություն եմ ինձ համարում, կներեք, և գտնում եմ, որ իմ տեսակետները պետք է ասեմ ոչ միայն կուսակցության շրջանակներում, այլ առանց կուսակցության: Ես կարծում եմ, որ կուսակցական այն մթնոլորտը, որը գոյություն ունի «Հանրապետությունում» կամ ընդհանրապես մյուս կուսակցություններում,  հնարավորություն չեն տալիս ծրագրեր առաջարկել և իրագործել:

Այ, ես հիմա ծրագիր եմ առաջարկում, թող քննարկվի բոլոր ուժերի կողմից, հ/կ-ների կողմից, իշխանությունների կողմից, ինչ պարտադիր է՝ ես որևէ կուսակցության անդամ լինեմ», – ասել է Սմբատ Այվազյանը:

Նա նշել է, որ, քանի դեռ վերջնական որոշում չի կայացրել, չի ցանկանում քննարկել կուսակցության քայլերը, և պատրաստ կլինի խոսել այդ մասին որոշումը կայացնելուց հետո:

Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը ՀԱԿ-ից դուրս էր եկել դեռևս մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո: Արամ Սարգսյանը հայտարարել էր, որ իր կուսակցությունը փողոցում է պայքարելու: «Հանրապետությունը», սակայն, առայժմ հանրահավաքներ և ակցիաներ չի անցկացրել, չի հստակեցրել նաև նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափը:

Լուսանկարը՝ Սմբատ Այվազյանի Facebook-ի էջից