Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը հերքել է «Փյունիկ»–«Գանձասար» խաղից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից ակումբի բժշկին դաժան ծեծի ենթարկելու մասին լուրերը:
Aravot.am-ի հետ զրույցում նա վերահաստատել է բժշկի, դարպասապահների ու գլխավոր մարզչի հեռացման մասին լուրը՝ պատճառաբանելով նրանց՝ ալկոհոլի ազդեցության տակ լինելով:
Հարցին, թե ինչու է հեռացվել գլխավոր մարզիչը, որը ալկոհոլ չէր օգտագործել, Մանուկյանը պատասխանել է. «Այդ հարցերը վերաբերում են «Փյունիկին», ֆեդերացիայի հետ կապված չէ: Մարզիչներին հեռացրել է «Փյունիկ» ակումբը, այդ մասին էլ նրանք պաշտոնական հաղորդագրություն են տարածել»:
Նշենք, որ համաձայն «Փյունիկ» ակումբի հաղորդագրության մարզիչ Սուրեն Չախալյանն ազատվել է «Կապանից Երևան վերադառնալու ճանապարհին մարզական կարգապահությունը և հաստատված նորմերը խախտելու համար»:
Ռուբեն Հայրապետյանին վերաբերող ոչ հավաստի լուրերի տարածումն էլ, ըստ Մանուկյանի, հնարավոր է՝ ՀՖՖ նախագահի հեղինակությունը արատավորելու համար են արվում. «Չեմ էլ ցանկանում մեկնաբանել, մանավանդ որ՝ լուրջ մամուլով չի տարածվել այդ տեղեկությունը»:
Հիշեցնենք, որ Lurer.com կայքի տեղեկություններով՝ բժիշկ Վարդան Հովասափյանը դաժան ծեծի է ենթարկվել Ռուբեն Հայրապետյանի կողմից և ծանր վիճակում՝ դեմքը կարված, ծնոտը կոտրած, դուրս է եկել ֆեդերացիայից: Ընկերներից մեկի այն հարցին, թե ո՞վ է արել, Հովասափյանը պատասխանել է՝ «Ռուբեն Հայրապետյանը», որից հետո շտապ նստել է տաքսի ու հեռացել:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանն Epress.am-ին հայտնել է, որ կայքի հրապարակումն ուսումնասիրվում է: Դեպքի առնչությամբ այլ մանրամասներ առայժմ չկան: