հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Կառավարությունը զերծ է մնացել գայթակղությունից. վարչապետը՝ բյուջեի մասին

Կառավարությունը զերծ է մնացել գայթակղությունից. վարչապետը՝ բյուջեի մասին

Մեծ է գայթակղությունն ընտրություններից առաջ Ազգային ժողովին ներկայացնել մի բյուջե, որը կնախատեսեր աշխատավարձերի, սոցիալական նպաստների, թոշակների կտրուկ ավելացում: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի նախագծի մասին խոսելով՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Բայց մենք զերծ ենք մնացել այդ գայթակղությունից, քանի որ պատասխանատվության բարձր աստիճան ենք զգում, և մեր գերխնդիրն է լինելու երկիրը զերծ պահել ավելորդ վտանգներից:

Շնորհակալ ենք բոլոր պատգամավորներին, որոնք մեզ են ներկայացրել շուրջ 60 առաջարկություններ, թե ինչպես կարելի է բարելավել պետական բյուջեի նախագիծը, որոնց մեջ կային նաև այնպիսի առաջարկություններ, որոնք պետք է անպայման ընդունենք: Մենք պատրաստ ենք ձեզ հետ երկխոսությանը:

Բյուջեի նախագիծը, որը ձեզ ենք ներկայացնում, հիմքեր է ստեղծում, որպեսզի 2013 թվականին իրականացնենք արմատական բարեփոխումներ: Սա է պետական բյուջեի նախագծի առաքելությունը և այդ գաղափարի հիման վրա է այն կազմվել: Մենք չենք ստանձնում ռիսկային պարտավորություններ, բայց պարտավորություն ենք ստանձնում իրականացնելու արմատական բարեփոխումներ:

Հենց այդ հենքի վրա էլ ես փորձում եմ բացահայտել ընդդիմության կողմից հնչող քննադատության մեջ այն ռացիոնալը, որը կարող է օգնել մեզ բարելավելու պետական բյուջեի նախագիծը, իրականացնել տնտեսական բարեփոխումներ: Ցանկանում եմ կանգ առնել այն խնդիրների վրա, որոնք կարող են ստեղծել երկխոսության հիմքեր: Առաջինը՝ տնտեսական աճն է: Մեր խնդիրն է՝ ինչպես իրականացնել տնտեսական աճը և ճյուղային արդյունաբերական քաղաքականությունը:

Երկրորդ. հնչած այն դիտողությունը, որ մենք պետք է հանրությանը ներկայացնենք Կայուն զարգացման նոր համալիր ծրագիր, ընդունելի է, և մենք ձեզ հրավիրում ենք այդ փաստաթղթի քննարկմանը, որը մինչև 2025 թվականը կմատնանշի բոլոր ցուցանիշները: Այդ առումով, այն դիտողությունները, որոնք ներկայացնում եք մեզ, կարող են օգտակար լինել», – ասել է վարչապետը:

Խոսելով խնդիրների մասին՝ Տիգրան Սարգսյանն առանձնացրել է նաև գերկենտրոնացվածությունը, աղքատների ու հարուստների տարբերության խորացումը:

«Այս խնդիրն արտացոլված էր մեր նախընտրական և այն ծրագրում, որը ներկայացվեց Ազգային ժողովի հավանությանը: Կարծում եմ, որ լուծումների վերաբերյալ կարող ենք ձեզ հետ աշխատել, քանի որ մեր քննադատների կողմից հնչեցվող բազմաթիվ առաջարկություններ արժանի են քննարկման և տեսնում ենք, որ կարող ենք այդ ուղղությամբ փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել», – նշել է գործադիրի ղեկավարը:

Նա նաև խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառի մասին՝ շնորհակալություն հայտնելով ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցություններին՝ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցելու համար:

«Ցանկանում եմ տեղյակ պահել, որ այն առաջարկությունները, որոնք դուք հնչեցրել եք, մեզ համար ընդունելի են: Մենք կենտրոնանալու ենք 2-3 գերակա խնդիրների վրա և համաձայն ենք ձեր այն առաջարկության հետ, որ մոնիթորինգի հանձնաժողովում պետք է ներկայացված լինեն ընդդիմության ներկայացուցիչները: Ես ձեզ պաշտոնապես տեղյակ եմ պահում, որ ՀՅԴ-ի առաջարկությունը մեր կողմից ընդունվել է: Այդ մոնիթորինգի հանձնաժողովում 1/3-րդ մասը հատկացնելու ենք ընդդիմությանը, 1/3-րդը՝ ընդդիմադիր կեցվածք ունեցող հասարակական կազմակերպություններին, 1/3-ը՝ կառավարությանը», – ասել է վարչապետը: