Home / Հայաստան / Արտակ Նազարյանի գործով բժիշկը «տեխնիկական սխալ» է թույլ տվել. դատ

Արտակ Նազարյանի գործով բժիշկը «տեխնիկական սխալ» է թույլ տվել. դատ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սպա Արտակ Նազարյանի (նկարում) մահվան գործով երեկ կայացած հերթական դատական նիստի ընթացքում որպես վկա ցուցմունք է տվել գործով դատական բժիշկ Վիգեն Ադամյանը: 

Ինչպես նշում է «Ազատություն» ռադիոկայանը, դատական նիստը բավավական լարված մթնոլորտում է անցել: Նախքան ցուցմունք տալը վկան հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ ինքը եզրակացության մեջ «տեխնիական վրիպակ» է թույլ տվել:

«Խոսքը «հայտնաբերվել են կրծքավանդակի ձախ կեսի ձախ բազկի շրջանի արյունազեղումներ» հատվածին է վերաբերում: Դա ուղղակի մեխանիկական սխալ էր, նման վնասածք չի եղել ոչ նկարագրականում, ոչ դեպքի վայրի տեղատեսության արձանագրությունում, սա ուղղակի տպագրական սխալ է», – ասել է Ադամյանը:

Պատասխանելով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի հարցերին՝ վկան նշել է, որ եզրակացության մեջ նշված «մահվանից ոչ շատ առաջ» արտահայտությունը հնարավոր է լիներ մահվանից 3-5 օր առաջ: Մինչդեռ, ըստ Ռուբեն Մարտիրոսյանի, բժշկական այդ տերմինը նշանակում է «մահվանից րոպեներ առաջ»:

Այդ պնդումը հանգեցրել է վիճաբանության, Մարտիրոսյանը նաև հայտարարել է, որ վկան ակնհայտ կեղծ ցուցմունքներ է տալիս՝ հակասելով իր եզրակացությանը: Լարված մթնոլորտը հանդարտեցնելու համար դատարանը ընդմիջում է հայտարարել:

Պաշտպանական կողմը Վիգեն Ադամյանին հարցեր ուղղելու հնարավորություն չի ստացել, քանի որ ընդմիջումից հետո արդեն բժիշկը դատարանի շենքում չէր: Ինչպես կողմերն էին շեշտում, Ադամյանը «պարզապես ճողոպրել էր»:

Կողմերը, բացի մեղադրող դատախազից, միջնորդություն ներկայացրեցին դատարանին, որ Ադամյանին կրկին հրավիրեն դատարան, սակայն դատավորը չբավարարեց միջնորդությունը՝ հայտարարելով, որ դրանք բավարար պատճառաբանված չեն:

«Ինչի՞ համար հրավիրել, ի՞նչ հարցերի շուրջ հարցաքննել», – ասել է դատավորը:

Ադամյանին դատարան հրավիրելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը մասնակիորեն բավարարվել է, որոշվել է նրան հրավիրել նոյեմբերի 20-ին: