Home / Հայաստան / Գագիկ Ծառուկյանը Գյումրի էր գնացել «օգնելու և ամրապնդելու վստահությունը»

Գագիկ Ծառուկյանը Գյումրի էր գնացել «օգնելու և ամրապնդելու վստահությունը»

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ Գյումրի այցելության ժամանակ «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում հանդիպել է ԲՀԿ ակտիվի և քաղաքի բնակիչների հետ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Ես ոչ թե եկել եմ որևիցե բանի տեր դառնալու, ունեցվածք դիզելու կամ ինչ-որ ծրագրի համար, այլ եկել եմ այստեղ օգնելու, ամրապդնելու այն վստահությունը, որ կա ձեր կողմից իմ հանդեպ: Կյանքում ամենաթանկ բանը կայացած ունևոր մարդու համար վստահության հավատն է ժողովրդի։ Եվ եթե մինչև այսօր էդ հավատը ես չեմ կորցրել, առավել ևս հիմա Ձեզ վստահեցնում եմ, որ այդ վստահությունը չեմ կորցնի։ Կարամ անձնապես կորցնեմ ունեցվածք, գումար, բայց ժողովրդի վստահությունը չեմ կորցնի», – հանդիպման ժամանակ հայտարարել է ԲՀԿ ղեկավարը:

Թերթի տեղեկացմամբ, Ծառուկյանը քննադատության է ենթարկել ՀՀ կառավարությանը:

«Ինչի՞ են գնում (նկատի ունի արտագաղթը – խմբ.)՝ աշխատանք չունեն կամ աշխատանք ունեն՝գումարը քիչ է… Ասում են՝ 30 տոկոսը աղքատ են, իսկ մնացած 70-ը հարուստ են։ 40 տոկոսն էլ ստանում է 40 հազար դրամ, 40 հազարը համարում են բավարա՞ր ապրելու համար: Այդ բավարար համարողը թող ինքն իր ընտանիքով էդ 40 հազար դրամով ապրի, որ նոր հասկանա՝ ինչ է դա նշանակում։ Հիմնական խնդիրն այն է, որ ծրագիր կամ բյուջեն կազմելու համար ոչ թե պետք է վերևից նայեն, ոչ թե թղթերի վրա պետք է ասեն, որ Գյումրին ինչ-որ կենտրոն են սարքելու, այլ պետք է այդ ծրագիրն իրականություն դարձնեն, որ ժողովուրդն իրեն խաբված չզգա», – ասել է ԲՀԿ ղեկավարը:

Թերթը նշում է, որ Ծառուկյանը քաղաքին է նվիրել 10 աղբատար և 10 ձյուն մաքրող մեքենա: Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետն է ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, ում թեկնածությունը սեպտեմբերին կայացած ընտրություններին սատարում էր ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: