Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանըբաց նամակ է ուղղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ անդառնալով Երևանում սպանության փորձի մասնակիցներին, որոնք, գործարարի խոսքով, հանցագործներ են:
Նշենք, որ, համաձայն ոստիկանության հաղորդագրության, 53-ամյա Աշխարբեկ Քալանթարը և Արտաշես Խ-ն Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող աշխատասենյակում վիճաբանության մեջ են մտել 57-ամյա Վլադիսլավ Մանգասարյանի և նրա որդու` 28-ամյա Էդուարդի հետ, որի ընթացքում Քալանթարը իր «Բրաունինգ» տիպի ատրճանակից փորձել է կրակել Էդուարդի ուղղությամբ, սակայն ատրճանակը չի կրակել, և այդ ժամանակ Վլադիսլավ Մանգասարյանին հաջողվել է Քալանթարի ձեռքից խլել ատրճանակը, ինչից հետո Աշխարբեկը նրա հետ եղած անձը դիմել են փախուստի:
«Այսօր առավոտյան ինձ հայտնի դարձավ Վլադիսլավ և Էդուարդ Մանգասարյանների, Աշխարբեկ Քալանթարի ու Արտաշես Խ. միջադեպի մասին: Ցավում եմ դեպքի համար և ուրախ եմ, որ այն ողբերգությամբ չի ավարտվել», – ՀՀ ոստիկանապետին ուղղած նամակում գրել է Խուդյանը:
Ըստ նրա՝ Վլադիսլավ Մանգասարյանը մասնակից է կազմակերպված հանցավոր մի խմբի, ում հաջողվել է իր հիմնադրած «Արին Կապիտալ» և «Ներդրումային» ՍՊԸ ընկերությունից $8,500,000 թալանել: Այդ խմբի մասնակիցները մի քանիսն են, դրանցից մեկը նաև իր որդին է, Էդուարդ Մանգասարյանը:
«Տվյալ խումբը հանցավոր համաձայնության գալով թալանել են իմ ընկերությունը` «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի միջոցով միլիոնավոր դոլարների կեղծ փոխառություններով ծանրաբեռնել իմ ընկերությունը, ապա կեղծ սնանկության տանելով զավթել ընկերության տարածքները: Աշխարբեկ Քալանթարը հանդիսանում է «ՎՄԳ գրուպ» ընկերության 40% բաժնեմասի սեփականատերը», – գրել է գործարարը:
Նա ընդգծել է, որ դեռևս անցյալ տարվա մարտին ինքը պաշտոնական նամակներով դիմել է ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ոստիկանապետին՝ պատմելով այն մասին, որ իր ընկերությունը թալանվում է, սակայն առ այսօր համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել:
«Վլադիսլավ Մանգասարյանի և նրա եղբայր Ռուբեն Մանգասարյանի կողմից Լուսինե Գյուլխասյանի հանդեպ իրականացված խարդախության փաստով հարուցվել է մեկ այլ քրեական գործ: ԱՄՆ-ից ժամանել եմ Հայաստան և այդ գործով ցուցմունք եմ տվել, սակայն այդ գործը կենտրոնի ոստիկանության քննիչ Կամո Ներսիսյանի մոտ քննվել է: Իսկ եթե ոստիկանությունը իր աշխատանքը կատարեր ինչպես հարկն է, ապա Մանգասարյանները արդեն պատասխանատվության ենթարկված կլինեին և այս դեպքը տեղի չէր ունենա, որը կարծում եմ դեռևս շարունակվելու է քանի որ Մանգասարյանը շատերին է խաբել: Նրանց վեճի մանրամասնության ես տեղյակ չեմ, բայց կարծում եմ այն թալանած գումարները բաժանելու անհամաձայնության պատճառն է», – գրել է Խուդյանը: