Home / Հայաստան / Տիգրան Առաքելյանը սպասում է կաշկանդվողների արձագանքին. հայտարարություն բանտից

Տիգրան Առաքելյանը սպասում է կաշկանդվողների արձագանքին. հայտարարություն բանտից

Քաղբանտարկյալ, Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը սպասում է այն մարդկաց արձագանքին, ովքեր կաշկանդվում էին իրենց կարծիքը հայտնել՝ կապված ՀԱԿ երիտասարդների և ոստիկանության միջև 2011թ. օգոստոսի 9-ին տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ։

Այս մասին Առաքելյանը գրել է ԶԼՄ-ներին ուղղած հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Մեր վստահ պնդմանը, որ իրականացվում է քաղաքական հետապնդում, հնչեցին հակադարձ կարծիքներ, որ փորձ է արվում քաղաքականացնել, և որ հարցը իրավական հարթությունում է, ուստի  դատարանն էլ կորոշի։

1) Առաջին ատյանի դատարանը հուլիսի 20-ին կայացրել է դատավճիռ՝ ՀԱԿ ակտիվիստներին դատապարտելով 2- 6 տարի ժամկետով ազատազրկման։

Մեղադրանքի հիմքում դրվել են հարմարեցված, խեղաթյուրված և, որոշ դեպքերում, նույնիսկ գոյություն չունեցող ապացույցներ։
մասնավորապես.
ա) հորինված փաստ է Ջոնի անունով մի բարի կենդանի։
բ) հետևաբար հորինված է նաեւ շան դնչկալի պատմությունը, որը ըստ ոստիկանության վարկածի միջադեպի առիթն էր հաանդիսացել։

Հիմա ապացուցեմ, որ քրեական գործում առկա շունն ընդամենը «երևակայության ժանրից» է: Որպես ապացույցի հիմք՝ զուգահեռներ տանեմ երկու կարևոր անձանց կողմից արված վիճահարույց փաստարկների միջև՝ մի դեպքում դիտարկելով շան տիրոջը, մյուսում՝ շանը դիտողություն անող ոստիկանին՝ նրա զեկուցագիրը:

1. Շան տերը՝ դատարանի դահլիճում, բարձրաձայն, Դատարանի, քարտուղարի, մեղադրողի, տուժողների համար նախատեսված աթոռներին նստած ոստիկանների, լրագրողների, դահլիճում ներկաների և մեր՝ ամբաստանյալներիս, չմոռանամ նաև ինձ ուղեկցողներին, մի խոսքով՝ բոլորիս համար լսելի, հասկանալի, մեր երկրի պաշտոնական լեզվով՝ հայերենով,առանց թարգմանիչի, վկայություն տվեց այդ մասին և մեր հարցադրումների ժամանակ պնդեց, որ.
2011թ. օգոստոսի 9-ին՝ միջադեպից առաջ, իրեն են մոտեցել ոստիկաններ և նկատողություն արել իր շան՝ Ջոնիի դնչկալ չունենալու հետ կապված, և նա, ընդունելով իրեն ուղղված նկատողությունը՝ ներողություն է խնդրել և հեռացել: Իմ հարցին, թե Կարապի լճի մոտ ո՞ր հատվածում են ոստիկանները մոտեցել իրեն և նկատողություն արել, պատասխանեց՝ Կարապի լճի կողմից՝ Տերյան փողոցի մայթին: Ապա հարցրի, թե նա դեպի ո՞ր կողմ շարունակեց իր ճանապարհը և թե արդյո՞ք որևէ միջադեպ տեսել է այդ պահից քիչ անց՝ ոստիկանների և քաղաքացիների մասնակցությամբ, ասաց, որ քայլելով իջել է դեպի Տերյան-Թումանյան խաչմերուկն ու, խաչմերուկին հասնելով՝ հետ շրջվել այն վայրի ուղղությամբ, որտեղ ոստիկանները նկատողություն էին արել իրեն ու այնտեղ ոստիկանների քաշքշուկ է նկատել:

Դատարանի տրամադրության տակ էր նաեւ այն ոստիկանի զեկուցագիրը, ով նկատողություն էր արել Ջոնիի տիրոջը: Ըստ այդմ՝ Խնկո Ապոր գրադարանի մոտ ծառայություն կատարելիս, ոստիկանը մոտեցել է առանց դնչկալի շան տիրոջն ու նկատողություն արել: Վերջինս ընդունել է զգուշացումը, և մի քանի քայլ հեռանալուց հետո մոտեցել ենք մենք՝ ամբաստանյալներս, ու նկատողության հետ կապված՝ սկսել ենք վիճաբանել:

Հարկ եմ համարում ընթերցողի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Կարապի լճի ափին և, առավել ևս՝ Տերյան-Թումանյան խաչմերուկից մի քանի քայլ հեռավորության վրա  չի գտնվում Խնկո Ապոր գրադարանը և ևս մեկ անգամ կրկնեմ, որ շան տերը վկայեց, թե վերոհիշյալ խաչմերուկից դարձել է դեպի այն վայրը՝ այն վայրի ուղղությամբ, որտեղ ոստիկանները նկատողություն էին արել իրեն ու այնտեղ ոստիկանների քաշքշուկ նկատել, ինչն անհնար է. նշված երկու վայրերից՝ մեկից մյուսը տեսանելի չէ:

Թյուրիմացությունից խուսափելու համար ևս մի հարց հղեցի շան տիրոջը, թե երբ նա ետ շրջվեց, արդյո՞ք նույն մայթին էր տեղի ունենում քաշքշուկը՝ այնտեղ, որտեղ ոստիկանները նրան նկատողություն էին արել, և դրական պատասխան ստացա նրանից: Իսկ ոստիկանի զեկուցագրի վերաբերյալ դեռևս կավելացնեմ միայն, որ տեղը, որտեղ նա է եղել իր պնդմամբ, չի համապատասխանում շան տիրոջ նշած տեղին: Ես նույնիսկ խնդրել եմ Թումանյան-Տերյան խաչմերուկի և միջադեպի վայրի միջև ընկած այդ «մի քանի քայլը» չափել և պարզել եմ, որ խոսքը 100-120 քայլի մասին է՝ «նայած քայլողի»։

Սա, թերևս, ամենաակնհայտ հակասությունն է, ինչը հասկանալու համար նույնիսկ իրավաբանական գիտելիքներ ունենալու կարիք չկա:

Հիմա հայտնի դրվագի՝ մեքենայի մեջ տեղի ունեցածի մասին: Ըստ մեղադրանքի՝ ես գլխի հետադարձ հարվածով կոտրել եմ ոստիկանի քիթը: Այս դրվագը վերլուծելու համար քիչ և միմյանց հակասող փաստեր ու վկայություններ են առկա քր. գործում.
Ոստիկան Տիգրան Ավետիսյանը ինձ մեղադրող իր ցուցմունքներում, մասնավորապես՝ նշում է, որ ես եմ միտումննավոր կոտրել իր քիթը։

Ես, Տիգրան Առաքելյանս, ինչ-որ առումով տեսականորեն չբացառելով, որ այնուամենայնիվ հնարավոր է, որ իմ գլխի և նրա քթի, կամ իր քթի և իմ գլխի հպման արդյունքում, կամ, գուցե և՝ առանց հպման, (շոգ եղանակից եւ 4 մարդու համար նախատեսված մեքենայում 6 հոգով գտնվելու պատճառով) արնահոսություն առաջացած լինի՝ միաժամանակ բացառում եմ, որ ես որևէ ոստիկանի, այդ թվում նաև՝ Տիգրան Ավետիսյանին, (ինձ հայտնի) որեւէ վնասվածք միտումնավոր հասցրած լինեմ, մինչդեռ հակառակը տեղի է ունեցել:

Քրեական գործում առկա է իմ վնասվածքների հետ կապված դատաբժշկական եզրակացություն (մասնավորապես կառանձնացնեմ պարանոցիս վրա ֆիզիկական ուժի կիրառման արդյունքում առաջացած վնասվածքը) որով ապացուցվում է ոստիկանի կողմից ինձ խեղդելու փորձը։

Միջնորդել էի Ալիկ Սարգսյանին դատակոչել եւ հարցաքննել, բոլոր փաստերը կան պնդելու, որ հենց նա է հրահանգել, հորինել, խեղաթյուրել, հարմարեցնել նշածս փաստերը այնպես, որ ոստիկանների հանցագործությունները քողարկելու հնարավորություն ունենան։ Կարճ ժամանակ անց պատվիրատուն փոխվեց։ Արդեն կալանքի սանկցիաները եւ հետագա բոլոր գործողությունները եղել են հրահանգավորված Սերժ Սարգսյանի կողմից ըստ քաղաքական նպատակահարմարության։

Մեղադրող կողմի ներկայացրած վերոհիշյալ աղաղակող փաստերը, վերաքննիչ դատարանի վերջին երկու աղմկահարույց նիստերը, նշածս եւ այլ փաստեր ստուգելու համար ներկայացված միջնորդությունների ապօրինի մերժելը, մեզ՝ ամբաստանյալներիս նիստերի դահլիճից հեռացնելը, պաշտպանական ճառով հանդես գալու իրավունքից զրկելը, վերջին խոսքի հնարավորություն չտալը ամբողջացնում է արդարադատության հետ որեւէ աղերս չունեցող հանցավոր եւ կամայական վերաբերմունքը ՀԱԿ երիտասարդներիս հանդեպ։
Ես չգիտեմ վերաքննիչ դատարանը էլ ինչի՞ համար է, եթե ոչ ստորադաս դատարանում առաջացած խնդիրները քննելու…

Հ.Գ.1 Մամուլից տեղեկացա, որ նեմեց ռուբոն ըստ չհերքված լուրերի նորից բժիշկ է ծեծել….
դե ձերբակալեք է։

Հ.Գ.2 Սերժ Սարգսյանը հաշվի չի առել ընդամենը մեկ հանգամանք։ Օրը գալու է, բարին էլ հետը։ Պատրաստեք ձեր պաշտպանական ճառերը։ Հայաստանում հաստատվելու է օրենքի իշխանություն եւ երաշխավորում եմ, որ ձեզ չեն զրկելու օգտվել ձեր իրավունքներից։

Հ.Գ.3 Նախավերջին աղմկահարույց դատական նիստում արագ խորհրդակցական սենյակ անցնելու դատարանի որոշումը ընդամենը ԲԼԵՖ էր։ Դատավորը ոչ թէ խորհրդակցական սենյակ էր գնում, այլ այնտեղից էր գալիս եւ նախավերջին նիստում արդեն առանց փաստերը ուսունասիրելու ուներ պատրաստի դատավճիռ։

Հ.Գ.4 Եթե առաջիկա օրերին, դատավորներ՝ Արմեն Դանիելյանին, Մհեր Աղրամանյանին եւ Լիլիթ Թադևոսյանին՝ մեր նկատմամբ թույլ տրված աղմկահարույց որոշուների եւ կայացրած դատավճռի համար, Սերժ Սարգսյանը չհեռացնի արդարադատության համակարգից, դա ապացույցը կլինի, որ հենց ինքն է գերագույն գլխավոր դատավորը»։