ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ԱԺ-ում իր զրույցը լրագրողների հետ սկսել է՝ կատակելով օրեր շարունակ քննարկվող բյուջեի շուրջ՝ «Կներեք, երևի էլի պիտի բյուջեն քննարկենք, արդեն զահլաներդ գնացե՞լ է, ցխկվե՞լ եք բյուջեից»:
Այնուհետև Բագրատյանը նշել է, որ իրենք պարզապես թիվ առ թիվ 3000 էջանոց փաստաթուղթը մերկացրել են և տեսել, որ դրա հետևում որևէ լուրջ բան չկա:
Անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի այն հայտարարությանը, թե իրենց բյուջեի մեկ տարվա հավելաճը 1996 թվականի բյուջեն է, Բագրատյանն ասել է, որ տիկին Նաղդալյանին կառավարության կողմից սխալ ինֆորմացիա են տվել և, ինչպես ասում են, «պերեբորշիլի»:
«Ես կհամեմատեմ եկամուտներով: Մենք այս տարի կունենանք 1 տրիլիոն 12 միլիարդ փող… 1996 թվականի բյուջեն՝ եկամուտներով, շուրջ 120 միլիարդ դրամ էր, 120 միլիարդ դրամ և 1 տրիլիոն 12 միլիարդ. տարբերությունը ութ անգամ է, բայց այդ ընթացքում գներն աճել են 2,3 անգամ, բյուջեի աճը 16 տարում եղել է 3,5 անգամ, բյուջեն իրոք աճել է՝ մինչև 2007 թիվը ներառյալ»,- ասել է Բագրատյանը:
Իսկ այն, որ 1996-ի համեմատ 2012-ի բյուջեն ընդամենը 3 անգամ է ավել, Բագրատյանի խոսքով, նորմալ է՝ աշխարհում էլ է այդպես:
«Ի՞նչ էր ուզում ասել տիկին Նաղդալյանը: Նրան էլ շփոթության մեջ էին քցել, դա իրա թեման չէր, և ինքը գործ չուներ այդտեղ: Տնտեսագիտության մեջ մանավանդ բյուջեի մասով ինքը չի գտնի ավելի հետաքրքիր բան, քան, ասենք, մեզ մոտ կա, ու հետո՝ կառավարությունում այդ մակարդակի վերլուծություններ չեն էլ անում: Պարզվում է՝ այդ ապարատը չկա էլ, հենց ընենց հավաքվում խոսում են»,- ասել է Բագրատյանը: