Եթե ՀՀԿ-ն խնդիր ունենար «իմիտացիոն երևույթներին» մասնակցելու՝ ինքը կնախաձեռներ դա, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ խոսելով խորհրդարանական ընդդիմության կողմից նախաձեռնած արտահերթ նիստ հրավիրելու մասին՝ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունն առաջարկել էր նոյեմբերի 21-ին գումարել արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկվելու են ՀՀ Ընտրական օրենսգրքում, Բնակչության պետական ռեգիստրում, ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը, ինչի համար ՀԱԿ-ը ստորագրևահավաք էր նախաձեռնել: Նշենք, որ հավաքվել է 48 ստորագրություն, մինչդեռ նիստն անցկացնելու համար անհրաժեշտ էր 44:
«Առջևում համապետական նախագահական ընտրություններն են, և ընդդիմադիր կողմը փորձում է դաշտ ստեղծել ակտիվանալու, մենք այդ խնդիրը չունենք, մեր խնդիրը լրիվ տարբերվում է այդ ամեն ինչից: Առավել ևս բյուջեի քննարկումների խոսքերը, վերլուծականները շատ պարտվողական էին այն առումով, որ ոչ թե բյուջեն էին քննարկում, այլ մտածում էին ինչպես պիտի հանդես գան նախագահական ընտրություններին, և որպեսզի կարողանան որևիցե թարմություն մտցնել իրենց գործունեության մեջ, փորձում են բեկորային եղանակով ինչ-որ մի պրոբլեմ ստեղծել և հետո այդ պրոբլեմը հաղթահարելի դարձնել»,- ասել է Սահակյանը:
Վերջինս նշել է, որ արտահերթ նիստը նախաձեռնողների համար այսօր կարևոր չէ Ընտրական օրենսգիրքը, մանավանդ, դա, ըստ էության, պիտի ծառայի 2017 թվականին: Ըստ Սահակյանի՝ ընդդիմության համար կարևորը հասարակությանը ցուցադրելն է, որ իրենք կարողացել են 44-ից ավելի ստորագրություն հավաքել և դրանով ապացուցել, որ իրենք նույնպես կարող ուժ են:
«Առանց այն էլ մենք երբևիցե չենք ասում, որ կարող ուժ չեն: Բնական է՝ քաղաքական դաշտ է, պետք է կարողանան ակտիվության համար որևիցե գործիք օգտագործել, ընտրել են այդ գործիքը: Այդ գործիքը մեզ համար էական նշանակություն չունի»,- ասել է Սահակյանը:
Լրագրողները Սահակյանին խնդրել են մեկնաբանել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի այն հայտարարությունը, թե եթե նոյեմբերի 21-ին ՀՀԿ-ն չմասնակցի ԱԺ արտահերթ նիստին, ապա վերջնականապես խայտառակ կլինի, ինչին Սահակյանն ասել է, որ խայտառակությունն այն է, որ այդ մասին խոսում է Բագրատյանը, ով, «բավականին լուրջ ճանապարհ անցած գործիչ է» և մասնակցում է «քաղաքական փոքրիկ տրյուկների»:
Լրագրողի այն հարցին, թե ՀՀԿ-ն չի՞ ներկայանալու արտահերթ նիստին, Սահակյանն ասել է. «Չներկայանալը կոշտ եք ասում, ընդամենը անիմաստության դաշտից հեռու ենք մնալու»: