2008 թվականի մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը (նկարում), կողմ է «Մարտի 1-ի» գործով նոր հանձնաժողով ստեղծելուն: Նրա կարծիքով՝ սա կլինի որակապես այլ մարմին, քան ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի հանձնաժողովն էր: Նոր հանձնաժողովը կքննի՝ որքանով են օրինական եղել Հատուկ քննչական ծառայության, ՀՀ դատախազության գործողությունները: Այս մասին Ալլա Հովհաննիսյանը հայտարարել է Epress.am-ի հետ զրույցում այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի և Արամ Մանուկյանի հետ հանդիպելուց հետո: Հիշեցնենք, որ նոր հանձնաժողով ստեղծելու նախագիծ ԱԺ է ներկայացրել Հայ Ազգային Կոնգրեսը:
«Իհարկե, ՀՀԿ-ն իր ՕԵԿ-ի հետ մեծամասնույթուն է, և հավանական է, որ չթողնի հանձնաժողովը ստեղծել, սակայն այդ դեպքում կբացահայտվի իրենց դեմքը, և յն փաստը, որ սուտ է, թե նրանք ուզում են բացահայտել իրականությունը: Այդ դեպքում իրենք էլ կդառնան 100% պատասխանատու Մարտի 1-ի համար», – ասել է Հովհաննիսյանը:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, մարտի 1-ին զոհված անձանց հարազատների հետ հանդիպմանը ՀԱԿ պատգամավորները ներկայացրել են Մարտի 1-ի բացահայտման և տուժածներին պետության կողմից փոխհատուցում տրամադրելու խնդիրները:
«Հանդիպման ժամանակ զոհերի ծնողներին ներկայացվել է նաև Կոնգրեսի կողմից այս համատեքստում կատարված միջազգային աշխատանքը, մասնավորապես, խնդրի արծարծումը ԵԽԽՎ-ում, ինչպես նաև տվյալ հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը, որի վերաբերյալ «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության կողմից պատրաստված ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծն առաջիկա օրերին քննարկվելու է ԱԺ պետաիրավական հանձնաժողովում», – ասել է Արման Մուսինյանը:
Վերջինս նաև տեղեկացրել է, որ ՀԱԿ-ի պատգամավորները նշել են, թե հետամուտ են լինելու արդեն 10 տարի ԱԺ օրակարգում գտնվող «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին»ստրասբուրգյան կոնվենցիայի շուտափույթ վավերացմանը և դրա հիման վրա մարտի 1-ի զոհերիիրավահաջորդներին և վիրավորներին պետության կողմից փոխհատուցում տալու հարցին: