Դատապարտյալների հիվանդանոցից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված զինծառայող Սուրեն Կիրակոսյանի մայրը՝ Զվարթ Կիրակոսյանը (լուսանկարում), պատրաստվում է նամակ հղել ՀՀ նախագահին՝ կից ուղարկել Սուրենի զինգրքույկի պատճենը ու մինչ այժմ առկա ռազմաբժշկական բոլոր հետազոտությունների արդյունքները: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է տիկին Զվարթը՝ նշելով, որ շուրջ 3 ամիս տևած հացադուլից Սուրենի օրգանիզմը գրեթե ամբողջությամբ քայքայվել է:
«Ընդամենն ուզում եմ իմանալ նախագահի գնահատականն այս հարցի վերաբերյալ. վերջապես երկրի գլխավոր հրամանատարը թող նայի՝ Սուրեն Կիրակոսյանը շարայի՞ն է, թ՞ե ոչ շարային: Թող ստուգեն Սուրենի հոդվածները, մի՞թե նախագահին չի հետաքրքրում իր երկրի 23-ամյա քաղաքացու ճակատագիրը: Ուզում եմ հասկանալ՝ մեր երկրի Սահմանադրությունը Սուրենի համար չէ՞գրված: Սա իմ վերջին ու միակ հույսն է. Արդարադատության նախարարությունն անկարող ուժ է», – ասել է Կիրակոսյանը:
Մոր խոսքով՝ մի շարք առողջական խնդիրներով ու տարբեր դեղամիջոցների հաշվին գոյատևող որդին հիմա էլ ոսկրածուծի հետ կապված խնդիրներ ունի:
«Ասում են՝ Սուրենի ոսկրածուծը լրիվ չորացել է, դրան նպաստել են թե հացադուլը, թե անշարժ վիճակը. ասում են՝ թող շատ ֆիզիկական վարժություններ անի, բայց ո՞րտեղ, ո՞նց: Ամբողջ օրն անուժ խցում տանջվում է, չնայած գոհ եմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ցուցաբերած վերաբերմունքից՝ լավից-վատից օգնում են», – նշել է մայրը՝ ընդգծելով, որ երեկ, երբ գնացել է որդուն տեսակցելու, տեղում պարզել է, որ նոր ընդունված օրենքը թույլ չի տալիս ամսվա մեջ մեկ անգամից ավելի տեսակցել:
«Ասացին, որ արդեն դատապարտված է՝ իրավունք չունեմ տեսնելու Սուրենին, կգնամ մյուս ամսին», – եզրափակել է մայրը:
Նշենք, որ շուրջ մեկ տարի «Գորիս» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող զինծառայող Կիրակոսյանը առաջին՝ 52-օրյա հացադուլը հայտարարել էր ապրիլի 5-ին, իսկ հունիսի 12-ին Սյունիքի մարզի դատարանը վճիռ էր կայացրել՝ նրան մեղավոր ճանաչելով քրեական օրենսգրքի 361 հոդվածի 4-րդ մասով ՝ զորամասից փախուստ կատարելու համար, որը պատժվում է առավելագույնը 3 տարվա ազատազրկմամբ:
Կիրակոսյանը՝ ի նշան բողոքի, հուլիսի 27-ին հայտարարել էր երկրորդ հացադուլը, որը տևել էր 42 օր:
Սյունիքի մարզի դատարանի վճռից հետո մեղադրվող կողմը դիմել էր Վերաքննիչ դատարան, սակայն բողոքը դատարանը մերժել էր:
Հիշեցնենք, որ Սուրենը զորակոչվել է 2009թ. հունիսին, թեև ռազմաբժիշկի տված փաստաթղթում գրված է եղել, որ տղան կարող է զինակոչվել միայն բուժվելուց հետո, այն էլ` պիտանի է միայն ոչ շարային ծառայության համար: Տղային ախտորոշել են` ձախ ուսագոտու և կրծքավանդակի առաջնային մակերեսի ձախ կեսի՝ ի ծնե պիգմենտային խալեր:
Որոշ ժամանակ ծառայելուց հետո տղայի առողջական վիճակը վատացել է: Զինվորական համազգեստի պատճառով խալերը մեծացել են, առաջացել են այլ առողջական խնդիրներ` կապված ստամոքսի և աղիների հետ: Մայրը պատմել է, որ ոչ մի բժշկական օգնություն չստանալով` զինվորը դիմել է փախուստի` դրանում տեսնելով միակ փրկությունը: 5 ամիս Սուրենը տանն է անցկացրել, հետո նրան` մեկ տարի 27 օր ՀՀ-ում փնտրելուց հետո հայտնաբերել են և մեղադրանք առաջադրել ծառայությունից խուսափելու համար: Արդեն մեկուկես տարի է՝ Սուրենն անազատության մեջ է, սակայն նրա պահանջը մեկն է` բուժել իրեն, ինչից հետո նա պատրաստ է շարունակել ծառայությունը: