«Սեյրան Օհանյա՛ն, մենք ենք դաստիարակել այնպես, որ մեր տղաները ծառայեն հայրենիքին, բայց հայրենիքը դավաճանեց մեր որդիներին»: Այսպես է սկսվում 2011 թվականի փետրվարին ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում զոհված զիծառայող Թորգոմ Սարուխանյանի մոր՝ Լենա Սարուխանյանի դիմում-բողոքը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
«Ձեր անգրագետ սպայական անձնակազմը՝ ոչ միայն անգրագետ, այլ նաև հարբեցող-թմրամոլները՝ անջատված ուղեղներով, գազանաբար սպանում են հայ ազգի զավակներին: Սեյրան Օհանյա՛ն, իմ որդին ուզում էր զինվորականով առաջ գնալ, բայց ինչպես տեսնում եք, Դուք չունեք առողջ մտածելակերպ ունեցող սպայական անձնակազմ: Նրանք միտումնավոր սպանում են մեր որդիներին: Իսկ Ձեր օրենքը ո՞րն է՝ որ դուք սպանեք, թաքցնեք իրական հանցագործներին: Միտումնավոր սպանելը դարձնեք ինքնասպանություն… դրա հետ մեկտեղ էլ դատավորի անկախ ու անմիտ առաջնորդվելը: Իսկ ձեր որդիները դաստիարակված են, եթե որևէ մեկը ձեր տղաների նկատմամբ այդ վերաբերմունքը ցույց տար, ի՞նչ կանեյք, ասեք մենք էլ այդ ձևով շարժվենք, կամ եթե այդքան հայրենասեր եք ինչ-որ կանեիք ձեր որդիների համար, այն էլ արեք մեր որդիների համար»,- ասված է Լենա Սարուխանյանի:
Նա անդրադարձել է նաև Սեյրան Օհանյանի հարցազրույցներից մեկում արտահայտած այն մտքին, թե «արատավոր երևույթների մի մասը գալիս է բանակ զորակոչված երիտասարդի դաստիարակության, կրթության ու ընդհանրապես մշակութային բացերից»:
«Սեյրան Օհանյա՛ն, երբեք ձեր մեղքերը մի՛ գցեք ծնողների դաստիարակության վրա: Եվ ինչքան էլ որ դուք ձևական ասեք, որ հզոր բանակ ունենք, ես կասեմ, որ հնարավոր է հզոր տեխնիկա ունենաք, բայց հզոր բանակ և զինվորների գլխաքանակ, երբեք չունեք, որովհետև դուք ձեր ձեռքերով եք սպանում այդ զինվորներին: Ինչ մնում է, որ դուք զինվորների կողքին եք սկզբնական ժամանակում՝ դա սուտ է, երբեք այդպես չի եղել, չի էլ լինի, որքան էլ որ ուզենաք համոզել՝ միշտ էլ սուտ են ձեր ղեկավարության խոսքերը, միշտ անհավանական խոսքեր: Ապացույցը՝ այսքան դիտավորյալ սպանություները հանցավոր ձևով ինքնասպանություն վերագրելն է, միակողմանի հանցավոր նախաքննություններն են և այլն: Սեյրան Օհանյա՛ն, եթե ձեր սայլը որոշեք տեղից շարժել՝ գոնե արդարության կողմը շարժեք, որովհետև ձեր ոչ մի խոսքերը գործեր չեն: Ո՛չ նախագահը, և ոչ էլ դուք՝ Սեյրան Օհանյան, իրավունք չունեք ձեր գահին նստելու, որովհետև քանի գնում սպանությունները խորանում են, ապօրինությունները՝ շարունակվում, իսկ դուք ոչ մի քայլեր չեք ձեռնարկում, հանցագործներին արդարացնելուց, թաքցնելուց բացի: Իսկ հասարակության հանդեպ անհարգալից եք վերաբերվում: Վերջում կարող եմ ասել, որ, Սեյրան Օհանյա՛ն, դուք ունեք ոչ թե հզոր բանակ, այլ արտագաղթի բանակ», – ասել է Լենա Սարուխանյանը: