Home / Հայաստան / «Կոտրված տաշտակի առաջ». Հայաստանում կրկին ահազանգում են դելֆինների խնդրի առնչությամբ

«Կոտրված տաշտակի առաջ». Հայաստանում կրկին ահազանգում են դելֆինների խնդրի առնչությամբ

Երևանյան «Նեմո» դելֆինարիումի տնօրինությունը շրջագայության պատրվակով  առողջական վատ վիճակում  գտնվող կենդանիներին՝ դելֆիններին ու փոկերին, դուրս է բերել Հայաստանից` փոխարինելով ուրիշներով: Այս նույն գործընթացը «Նեմո»-ի ղեկավարները կկրկնեն այնքան ժամանակ՝ մինչև մեծ գումարներ կաշխատեն, հետո կփակեն դելֆինարիումն ու Հայաստանից կհեռանան: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել  է «Էկոդաշինք» կազմակերպության համակարգող, բնապահպան, Կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Սիլվա Ադամյանը:

Նշենք, որ դելֆիանարիումն ապրիլին ժամանակավոր փակվել էր: Ըստ տնօրինության՝ կենդանիները շրջագայության էին մեկնել, սեպտեմբերի 29-ից դելֆինարիումը կրկին վերաբացվել է:

«Վստահ եմ, որ հիվանդ դելֆիններին ու փոկերին տարել են ավելի հանգիստ պայմաններում՝ ծովի ջրերում պահելու, գուցե նրանք դուրս գան այդ վիճակից: Բազմաթիվ անգամ մենք ասել ենք, որ մեր դելֆինարիումի ջուրն անթույլատրելի է կենդանիների համար: Բացարձակ պայմաններ չկան դելֆինարիումում, ու կենդանիները շատ մեղք են: Մեր պրակտիկայում սա նորություն չէ. մենք պարբերաբար լուրեր ենք ստանում տարբեր տեղերից. այս նույն վիճակն է ԱՊՀ –ի ողջ տարածքում», – ասել է Ադամյանը:

Նրա խոսքով՝ բոլոր շահագրգիռ մարդիկ անընդմեջ զբաղվում են այդ  խնդրով, սակայն ոչ մի արդյունքի չենք հասնում:

«Անգամ դատարաններն են մերժում մեր հայցը՝ մեզ համարելով ոչ պատշաճ հայցվոր: Մտադրություն կար հիմա էլ դատարան դիմելու, բայց իրավաբանն ասաց, որ  մինչև  Հայաստանում օրենքը չփոխվի, մեր դատարան տալն ուղղակի անիմաստ է. նույն բանն է լինելու, նորից մերժվելու ենք», – նշել է բնապահպանը:

Ադամյանն ընդգծել է, որ միակ բանը, ինչն այս պահին իրենք կարող են անել՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծված «Օգնենք դելֆիններն» էջն է, ինչի միջոցով փորձ է արվում հանրությանն իրազեկել՝ ինչ է իրականում կատարվում:

«Սա մեր առաջնային խնդիրն է՝ ներգրավել մարդկանց ու տեղեկացնել, թե ինչ է կատարվում մեր դատարաններում: Մեր դատական ատյանները այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ ոչ մի կերպ դատարանում դատը շահել չես կարող», -ասել է բնապահպանը:

Բնապահպանը նշել է, որ իրենք ճանապարհներ են փնտրում՝ դելֆիններին օգնելու նպատակով:

«Մենք պահանջել ենք փորձաքննության ենթարկել նոր  ներկրված դելֆիններին  ու փոկերին, սա մեր ներքին պահանջն է, իրենք էլ կարող են անել, կարող են չանել: Օրենքը թույլ չի տալիս նորից փորձաքննություն անցկացնել, դատարանն ասում է, որ ներկրելու ժամանակ՝ սահմանի վրա դելֆինները մի անգամ անցել են փորձաքննությունն ու փաստաթղթերը կան: Մենք մեկ անգամ էլ դիմելու ենք Բնապահպանության նախարարությանը, ու իրենք պետք է որոշեն՝ կենդանիներին փորձաքննության ենթարկել, բայց կհաջողվի անել՝ համոզված չեմ: Ուզում ենք անկախ փորձագետների հրավիրել դրսից, բայց մեծ գումարներ են հարկավոր: Խնդիրն այն է, որ Հայաստանում ջրային կենդանիների մասնագետներ չունենք, սրանից էլ օգտվում է դելֆինարիան: Սա ամենամեծ խնդիրն է. մենք ԱՄՆ-ից բերեցինք փորձագետների կարծիքներ, որոնք Հայաստանում բացարձակ հաշվի չառնվեցին»,- հայտնել է Ադամյանը:

Նրա խոսքով՝ կենդանիների համար պայքարողները կանգնած են կոտրված տաշտակի առաջ:

«Մնում է՝ գնանք-նստենք դելֆինարիումի առաջ, փակենք ճանապարհը, որ մարդիկ չգնան, բայց այդ պարագայում էլ կգան ոստիկանները, ովքեր միշտ պատրաստ են մեզ դուրս շպրտելու», – եզրափակել է բնապահպանը:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 10-ն Վարչական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Հակոբյանի նախագահությամբ, վերջնական վճիռ կայացնելով, մերժել էր «Թռչնասերների կենտրոն» և «Էկոդադար» ՀԿ-ների հայցն առ այն, որ Բնապահպանության նախարարության փորձագետները պետք է Երևանյան «Նեմո» դելֆինարիումի շրջակա միջավայրի փորձաքննություն անցկացնեին ու հիմնավորեին Բնապահպանության նախարարության կողմից տրամադրված տվյալները, թե դելֆինարիումին տրամադրված տարածքը 1300 քմ է, այնինչ, ըստ բնապահպանների, իրականում կազմում է 800 քմ: Դատարանում նշվել է, որ հարցը հ/կ-ի շահերին չի անդրադառնում և վճիռը չի կարող բավարարվել: