Գլխավոր դատախազի տեղակալի համար գործում է մեկ օրենք, գլխավոր դատախազի համար՝ մեկ այլ, Շենգավիթի շրջանի դատախազության համար՝ բոլորովին այլ օրենք, այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանի դատավարության մասին՝ ասել է Վեզիրյանի պաշտպան Նինա Կարապետյանցը:
Արման Վեզիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով (ծեծ), որը ենթադրում է, որ պետք է լինի տուժող կողմ և տուժողի բողոք: Եթե չկա տուժողի բողոք ու չկա տուժող կողմ, քրեական գործ հարուցվել չի կարող, ասել է Նինա Կարապետյանցը:
Վեզիրյանի դեպքում մայիսի 15-ին հարուցվել է քրեական գործ և մեղադրանք է առաջադրվել Տիգրան Մանուկյանին, և Վեզիրյանը ավտոմատ կերպով ճանաչվել է տուժող, սակայն որոշ ժամանակ անց նրան մեղադրանք է առաջադրվել այն պարագայում, երբ տուժող կողմ չկա: Կարապետյանցի խոսքով՝ դա արվել է դիտորդին լռեցնելու համար:
«Պարզվեց, որ դատարանն էլ չի կարողանում հասկանալ, որ եթե գործում չկա տուժող, ուրեմն չի կարող լինել քրեական գործ: Իմ բոլոր միջնորդություններն ու բացարկները մերժվում էին, որովհետև ձևակերպում էին այսպես՝ փաստաբանի անձնական կարծիքը չի կարող հիմք հանդիսանալ: Ես բացատրում եմ, որ դա փաստաբանի անձնական կարծիքը չի, դա օրենքի մեկնաբանությունն է: Ինձ ասում են, որ դու սուբյեկտիվ ես մեկնաբանում: Ես փորձեցի փնտրել այն ամենը, ինչ կապված է 118 հոդվածի հետ: Հերթական նիստերից մեկի ժամանակ ես ներկայացնում եմ դատարանին ու դատախազին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սարգյանի զեկույցը՝ ՀՀ դատախազության կոլեիգիայի 2012 թվականի օգոստոսի 10-ի նիստում: Զեկույցում գրված է, որ 118 հոդվածով հարուցվել է 944 դեպք, որից 820-ով քրեական գործը հարուցվել է և մերժվել՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով: Բայց պարզվեց, որ դատախազն ասեց, դե հիմա կարևոր չի, թե ինչ ա ասել դատախազի տեղակալը»,- ասել է Կարապետյանցն ու այնուհետև ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ելույթը ԱԺ-ում՝ կապված «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ:
Զեկույցն ընթերցելուց հետո պատգամավորներից մեկը հարցրել էր, թե արդյո՞ք որևիցե մեկը բողոքել է, որևէ մեկը խնդիր ունի այս հարցի հետ, որ քրեական գործ է հարուցվել, ինչին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բառացի պատասխանել էր, որ կան գործեր, որոնցով բողոքի առկայությունը պարտադիր է, կան գործեր, որոնցով պարտադիր չէ:
«Բայց 118 հոդվածով պարտադիր պայման է բողոքի և տուժողի առկայությունը: Ես հասկացա, որ գործում են օրենքներ առանձին գլխավոր դատախազի տեղակալի համար, գլխավոր դատախազի համար, առանձին օրենք է գործում Շենգավիթի շրջանի դատախազության համար: Պարզվում է՝ ամեն մեկն իր համար առանձին օրենքներ ունի, որոնցից մենք տեղյակ չենք: Լավ կլիներ՝ մեզ էլ տեղյակ պահեն, որ մենք էլ իմանանք՝ ինչով առաջնորդվենք, եթե ոչ օրենսգրքով»,- ասել է Նինա Կարապետյանցը: Վերջինս նշել է, որ հայաստանյան ատյանները սպառելուց հետո իրենք դիմելու են Մարդու իրավունքնրի Եվրոպական դատարան, որտեղ անպայման հաղթելու են:
Արման Վեզիրյանը Հելսինկյան ասոցիացիայում իրականացնում է հանրահավաքների և դատարանների մոնիտորինգ, և, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի համոզմամբ, այնքան է «ներվայնացրել» իշխանություններին, որ նույնիսկ այդ պարագայում Աղվան Հովսեփյանը կուլ է տալիս իր դեմ գնացող երիտասարդ դատախազի արածը, միայն թե Արման Վեզիրյանը պատժվի:
«Արման Վեզիրյանը՝ 2008 թվականից սկսած, բոլորից շատ հանրահավաքներ է նկարահանել, Մարտի 1-ի դեպքերի մասին լավ տեղեկացված է, մի քանի դատական գործերով վկայություններ է տվել, բոլոր դատարաններում ու միտինգներում գրանցում է բոլոր խախտումները: Պատասխանատու է հանրաահավքների և դատարանների մոնիտորինգի համար»,- ասել է Միքայել Դանիելյանը: