Home / Հայաստան / Ինչու Հայաստանի համայնքները համաչափ չեն զարգանում

Ինչու Հայաստանի համայնքները համաչափ չեն զարգանում

Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանասվորումը կազմակերպելու հարցում ՀՀ կառավարությունն առաջնորդել է դրանց հնարավորինս ՀՀ Ֆինանսների նախարարությունից կախվածության մեջ պահելու սկզբունքով: Այս մասին, համայնքների  ֆինանսավորման մեխանիզմները քննադատելով, Epress.am-ին ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ համայնքների համաչափ զարգացումը Կառավարության առաջիկա հինգ տարվա ծրագրի առաջնահերթություններից է:

«Չկա աշխարհում մի երկիր, որտեղ միայն գույքահարկի և հողի հարկի հաշվին բյուջե ձևավորի: Եթե նույնիսկ որևէ համայնքում ընտրվի ընդդիմադիր թեկնածու, նա չի կարող համարձակվել ու չենթարկվել իշխանությանը, քանի որ իր համայքնի միջոցների ¾-ը ստանում են ֆինանսների նախարարից», – ասել է Բագրատյանը՝ կարծիք հայտնելով, որ համայքները հզորացնելու և Ֆինանսների նախարարությունում կոռուպցիոն ռիսկերը փոքրացնելու համար պետք է նաև եկամտահարկի և շահութահարկի  հավաքման մի մասը ևս վստահել տեղական ինքնակառավարման մարմիններին:

Բագրատյանը նշել է, որ այդ նպատակին հակասում է նաև մայրաքաղաքի և այլ համայնքների ֆինանասավորման ձևը: Նշենք, որ Երևանին տրված են արտոնություններ, օրինակ, ինչպես նշված է 2013 թվականի պետբյուջեի 1 հավելվածում՝ Երևանն իր բյուջեն կազմելու է ոչ միայն հարկերի ու դոտացիաների հաշվին, ինչպես բոլոր համայնքները, այլև ստանալու է 6,6 միլիարդ դրամի չափով սուբվենցիաներ:

Ըստ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ համայքների համաչափ զարգացմանը խոչընդոտում է, օրինակ, ՀՀ կառավարության՝ մշակույթի 63 անշարժ հուշարձանները մարզերից Երևան տեղափոխելու ծրագիրը: Համաձայն ծրագրի, հուշարձանները պետք է մարզեր վերադարձվեն 2016 թվականին:

Այս առնչությամբ պատգամավորը կարծիք էր հայտնել, թե նման որոշմամբ փորձ է արվում «Հայաստանը վերածել Երևանի, իսկ Երևանը` Հայաստանի»: Հուշարձանները Երևանից մարզեր անհապաղ վերադարձնելու համար Մարուքյանը դիմել էր վարչապետին, սակայն, ինչպես նա այսօր ասել է Epress.am-ին, կառավարությունից գրավոր պատասխան առայժմ չի ստացել: