ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանն այսօր իր վարույթում քննվող քաղաքացի Հայկ Կարապետյանի գործով նիստին վերջինիս ներկայությունը պարտադիր չի համարել: Նա նշել է, որ դրանով Կարապետյանի որևէ իրավունք չի խախտվում, և մերժել է նրա փաստաբանի պաշպանյալի ներկայության մասին միջնորդությունը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Հայկ Կարապետյանի պաշտպան Անի Թորոսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Արագածոտնի մարզի ոստիկանության մի խումբ աշխատակիցներ այցելել են Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ 23-ամյա Հայկ Կարապետյանի տուն, խուզարկել են այն ու Կարապետյանին տարել ոստիկանության բաժին, իսկ մի քանի օրից նրան երկամսյա կալանքի են ենթարկել: Ինչպես հետագայում տեղեկացրել են Կարապետյանի հարազատներն ու պաշտպանը, ոստիկանությունում Կարապետյանին դաժան ծեծի են ենթարկել:
Այս պահին Կարապետյանին առաջադրվել է քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասով մեղադրանք՝ թմրանյութերի խոշոր չափի իրացում:
«Ես նաև դատարանից ժամանակ խնդրեցի մեկ օր՝ դատախազ Ստեփանյանին բացարկ հայտնելու համար, քանի որ, ինչպես պարզվեց դատարանում, նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազը հենց նույն Ստեփանյանն էր, որին, բնականաբար, ես պիտի անվստահություն հայտնեի»,- ասել է Անի Թորոսյանը:
Կարապետյանի պաշտպանը բողոքարկել է ստորադաս դատարանի որոշումը, որով բավարարվել էր քննիչի միջնորդությունը՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
«Բայց մինչև դատարանի կողմից գործի քննությունը, ես պարտադիր եմ համարում Հայկ Կարապետյանի ներկայությունը, քանի որ ինքը ևս պարտադիր է համարում իր ներկայությունը: Սակայն դատարանը, չգիտեմ ինչից ելնելով, որոշել է, որ որևէ իրավունք չի խախտվում և կարող է առանց Հայկ Կարապետյանի գործը քննվել:
Վաղը ես ևս մեկ անգամ ևս նույն միջնորդությամբ հանդես եմ գալու»,- ասել է Անի Թորոսյանը:
Կարապետյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է վաղը, ժամը 13.00-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անի Թորոսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ խոշտանգման հետևանքով Հայկը ուժեղ գլխացավեր ունի, ստամոքսի հետ կապված խնդիրներ, մարսողության խանգարում: Նա ասել է նաև, որ շատ դժվարությամբ է ոտքերը գետնին դնում, քանի որ ոտքերի տակ էին հարվածում ռետինե մահակներով: