Քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների ինքնավնասման դեպքերն իրենց պատճառներն ունեն, իսկ այդ մարդիկ՝ իրենց պահանջները, սակայն Արդարադատության նախարարությունը չպետք է գնա այդ պահանջների կատարմանը:
Այս մասին այսօր ԱԺ-ում մարդու իրավունքների ոլորտին վերաբերող խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նախարարի խոսքով՝ այս տարվա ընթացքում ՔԿՀ-ներում ինքնավնասման փորձեր կատարած անձինք հիմնականում հետևյալ պահանջներն են ունեցել՝ հեռախոս, թմրանյութ տրամադրել, այլ հիմնարկ տեղափոխել՝ ՔԿՀ-ից դժգոհ լիելու պատճառով: Նրա խոսքով՝ անգամ եղել են պատճառաբանություններ, թե դատապարտյալը չի կարող մնալ այդ ՔԿՀ-ում, քանի որ այնտեղ իր կողմից սպանված մարդկանց ձայներն է լսում:
Թովմասյանն ասել է, որ նման պահանջներ նախարարը երբեք չի կատարի և պետք է «փակել այս թեման»: Նա հորդորել է, սակայն, չմոռանալ, որ որոշ ցմահ դատապարտյալների զոհերն են, օրինակ, բռնաբարված երեխաները: Թովմասյանը նշել է, որ տուժածների կամ զոհերի բարեկամների խոսքով՝ այդ հանցագործների համար մահապատիժն էլ երբեմն մեղմ պատիժ է:
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցրել է` արդյոք Թովմասյանի պատասխանը վկայում է, որ նախարարն ինքնավնասումը համարում է նորմալ երևույթ:
«Առաջին հերթին, ձեզ համար պետք է աննորմալ լինի դատապարտվածների ինքնավնասումը»,- ասել է Զոհրաբյանը:
«Ես հասկանում եմ, որ իմ բառերը կոնտեքստից կտրում են և սենսացիա են ստեղծում, սակայն երբ պատագմավորն է անում նման բան որոշակի քաղաքական նպատակներ իրականացնելու համար, դա ընդունելի չէ», – ասել է Թովմասյանը:
Թովմասյանը, անդրադառնալով ՔՀԿ-ների հարմարություններին, ասել է, որ չպետք է համեմատել Հայաստանի ՔՀԿ-ները, ասենք, ԱՄՆ-ի ՔՀԿ-ների հետ, քանի որ մեր երկրում ամեն դատապարտյալի համար ծախսվում է տարեկան մոտ 3000 ԱՄՆ դոլարի համարժեք դրամ, ԱՄՆ-ում՝ 20-40 հազար դոլար: Թովմասյանի կարծիքով` ՔՀԿ-ների գերծանրաբեռնվածության հարցը կլուծվի Արմավիրում 4000 տեղանոց հիմնարկը կառուցելուց հետո, այսինքն՝ արդեն 2013 թվականին: Ըստ նրա` այժմ էլ մեկ–երկու հիմնարկ գերծանրաբեռնված է: Թովմասյանն ասել է նաև, որ ՔՀԿ-նում հիմնական խնդիր է նեղ մասնագիտացում ունեցող դատական հոգեբանների, ինչպես նաև բժիշկների բացակայությունը:
Լսումներին ներկա Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը հարց է ուղղել նախարարին, թե ինչու վերջինս չի թողնում իր կազմակերպությանը մտնել ՔԿՀ-ներ դիտարկում իրականացնելու համար, և ինչու Թովմասյանը չի խոսում ՔԿՀ-ներում առկա կոռուպցիայի մասին: Դանիելյանը օրինակ է բերել այն, որ դատապարտյալներին թույլ են տալիս 1000 դրամով լողանալ: Նախարարն իրավապաշտպանի հարցերին չի պատասխանել: Նա ասել է, որ շտապում է այլ հանդիպման և հեռացել է: