Զովունիում մեկ շաբաթ առաջ արձանագրվել է սիբիրախտի մեկ դեպք և կենդանին անմիջապես այրվել է, որից հետո նոր դեպքեր չեն արձանագրվել: Այդ մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:
«Կենդանին այրվել է, ախտահանվել է տարածքը, տվյալ տնտեսության հարակից կենդանիները ջերմաչափվել են, հիվանդ կենդանի չկա»,- ասել է Պիպոյանը:
Նա նշել է, որ այդ տարածքն իրենց վերահսկողության տակ է գտնվում:
Հիշեցնենք, որ սիբիրախտով առաջին հիվանդ կենդանին հայտնաբերվել էր Վարդենիսում, և հոկտեմբերի 15-ից մինչ օրս Վարդենիսի տարածաշրջանում արգելված է անասունի մորթը, և մսի վաճառակետերում մսամթերք չի վաճառվում: