2010 թվականի հուլիսին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ տուժող կողմը միջնորդություն է ներկայացվել, որում հայտնել է, որ ունի հիմնավոր կասկածներ, թե Ռազմական ոստիկանությունից և զորամասից իրենց ուղարկված փաստաթղթերը կեղծ են: Այդ մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի անդամ Ռուբեն Մարտիրոսյանը:
«Մենք ունենք լրջագույն փաստարկներ, որ զորամասից և ՌՈ-ից մեզ ուղարկված փաստաթղթղերը՝ կապված 14 զինծառայողների կալանքի հետ, գրվել են ոչ թե երկու տարի առաջ, այլ նոր: Մենք կասկածներ ունենք, որ դրանք կեղծ փաստաթղթեր են, և միջնորդել ենք, որպեսզի այդ փաստթղթերը ուղարկվեն դատաքիմիական փորձաքննության՝ պարզելու համար, թե արդյոք դրանք գրվել են երկու տարի առաջ, թե ներկայումս: Հաշվի առնենք, որ ՌՈ-ից բերված փաստարկներից մեկը ամբողջապես թաց թանաքոտված էր և մեր մատները թանաքոտվեցին դրանց հետ շփվելու ժամանակ»,- ասել է Մարտիրոսյանը և հավելել, որ այդ միջնորդության պատասխանը կստանան վաղը:
Մարտիորսյանը նաև նշել է, որ դատավոր Սամվել Մարդանյանը խուսափում է դատաքննությունից և իրենց միջնորդությունը՝ քրեական գործ հարուցելու վերաբերյալ և ցուցմունքները չեղյալ համարելու վերաբերյալ որոշմանը կանդրադառնա խորհրդակցական սենյակում:
Ռուբեն Մարտիրոսյանը նաև տեղեկացրել է, որ իրենց ներկայացրած բոլոր միջնորդություններին միացան բոլոր ամբաստանյալների փաստաբանները, իսկ փորձաքննություններին դեմ են եղել մեղադրողները:
Ըստ Մարտիրոսյանի՝ դատախազները չեն ուզում, որպեսզի գործով ինչ-որ քայլեր ու փորձաքննություններ կատարվեն:
Ռուբեն Մարտիրոսյանը նաև ասել է, որ դատական նիստի ժամանակ տեղեկացել են, որ դատաբժիշկ Վիգեն Ադամյանը գրություն էր ուղարկել, որով հայտնում էր, որ ինքն արդեն ցուցմունք տվել է և այլևս դատարան չի ուզում գալ, բայց տուժող կողմը միջնորդել է նրան հրավիրել, և դատավորը որոշում է կայացրել նոյեմբերի 27-ին Վիգեն Ադամյանին հրավիրել դատարան՝ ցուցմունք տալու: