Նոյեմբերի 18-ին, ժամը 22.45-ին Լոռու մարզի Շահումյան գյուղի «Մուշ» ռեստորանում սպանություն իրականացրած երիտասարդներից մեկը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է ոստիկանության կայքը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին ռեստորանում հայտնաբերվել էր Երևանի բնակիչ, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ 49-ամյա Սամվել Շարբաթյանի դիակը՝ բռնության հետքերով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր օդամղիչ ատրճանակից կրակելու համար նախատեսված 4,5 մմ տրամաչափի մետաղական 5 գնդակ:
Ոստիկանության գործողությունների արդյունքում նոյեմբերի 19-ին բաժին է ներկայացել 33-ամյա Արտակ Վերանյանը՝ ներկայացնելով նաև նշված ատրճանակը:
Պարզվել է, որ նոյեմբերի 18-ին, ժամը 22.00-ի սահմաններում, եղբայրներ Արտակ և Արեն Վերանյանները և 31-ամյա Սամվել Դիլոյանը «Մուշ» ռեստորանային համալիրում հանդիպել են Սամվել Շարբաթյանին` անձնական հարցերի շուրջ նրանից պարզաբանումներ ստանալու: Արտակ և Արեն Վերանյանները վիճաբանել են Սամվել Շարբաթյանի հետ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել նրա հասցեին և շուրջ 15 րոպե խախտել հասարակական կարգն ու խաթարել ռեստորանի բնականոն աշխատանքը, հայտնում են Ոստիկանությունից:
Վիճաբանության ընթացքում Արտակ Վերանյանը, խլելով Շարբաթյանի ձեռքին եղած ատրճանակը, մի քանի անգամ կրակել է նրա ուղղությամբ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա դեմքին, մարմնին և սպանել նրան:
Արտակ Վերանյանը ձերբակալված է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արեն Վերանյանին և Սամվել Դիլոյանին հայտնաբերելու ուղղությամբ: