Home / Հայաստան / Փուչիկների գործով մեղադրյալը հիվանդանոցում է, դիմել է Վերաքննիչ դատարան

Փուչիկների գործով մեղադրյալը հիվանդանոցում է, դիմել է Վերաքննիչ դատարան

Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին ՀՀԿ-ի համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունի գործով մեղավոր ճանաչված Սերոբ Բոզոյանը երեկվանից գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Բոզոյանը տառապում է քաղցկեղից, այս պահին նրա հիվանդության վերջնական ախտորոշումը դեռևս հայտնի չէ, նա ստուգումներ է անցնում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Սերոբ Բոզոյանի կինը՝ Մարինա Բոզոյանը:

Նշենք, որ նախորդ շաբաթ մի խումբ քաղաքացիները Սերոբ Բոզոյանի բուժման համար դրամահավաք են սկսել: Դրամահավքի նախաձեռնողներից մեկը՝ գրող-հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը Epress.am-ին պատմել է, թե ինչ ընթացք է ունեցել դրամահավաքը:

«Ամենասկզբից հավաքեցինք մոտ 140 000 դրամ և տվեցինք նրա կնոջը՝ առձեռն, իսկ բացված հաշվեհամարին ուղարկվող գումարը տնօրինում է իր կինը»,- ասել է Հովհաննիսյանը:

Մարինա Բոզոյաննը նշել է, որ դեռևս տեղյակ չի, թե որքան գումար է փոխանցվել հաշվեհամարի վրա, քանի որ դեռ չի ստուգել այն:

Հիշեցնենք, որ Բոզոյանն առաջին ատյանի դատարանի կողմից  դատապարտվել է 1 տարվա ազատազրկման, նա չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակվել: Բոզոյանը վիճռը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում, և կկալանավորվի միայն այն ժամանակ, եթե դատարանը ուժի մեջ թողնի պատիժը: