Ժամը 15:00-ին Ազգային ժողովում պաշտոնապես չեղյալ համարվեց Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնած արտահերթ նիստը, քանի որ քվորում չհավաքվեց: Հիշեցնենք, որ առավոտյան հաշվառվել էին 44 պատգամավորներ, իսկ նիստն անցկացնելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայությունն ապահովել: Նիստին չէին ներկայացել ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի պատգամավորները: ՀԱԿ-ի առաջարկին միացել էին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»:
Ազգային ժողովի շենքի մոտ ժամը 14:00-ից բողոքի ակցիա էր անցկացվում՝ ի պաշտպանություն օրենսդրական բարեփոխումներ կատարելու մասին քաղաքական 4 ուժերի առաջարկին:
Հավաքված մարդիկ նշում են, որ իրենց համար զարմանալի չէ, որ ԱԺ մեծամասնությունը կազմող ՀՀԿ-ն տապալել է արհատերթ նիստը՝ քվորում չապահովելով:
«Մեր երկրի աղետը, իհարկե, կառավարման համակարգի մեջ չէ: Մեր աղետը նրա մեջ է, որ ընտրությունները կեղծվում են՝ կապ չունի, նախագահական, թե խորհրդարանական: Մեր այս ակցիան հերթական էտապն է պայքարի»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցներից մեկը: