Home / Հայաստան / Առանց արդար խաղի, բայց փլեյ-օֆի ուղեգրով. «Շախտյորը» լուծեց խնդիրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առանց արդար խաղի, բայց փլեյ-օֆի ուղեգրով. «Շախտյորը» լուծեց խնդիրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեքշաբթի մեկնարկեց Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրը, որի արդյունքում ևս 4 թիմեր միացան «Մանչեթեր Յունայթեդին»՝ ապահովելով իրենց տեղը փլեյ-օֆ փուլում: F խմբում իսպանական «Վալենսիայի» և գերմանական «Բավարիայի» միջև գրանցված ոչ-ոքին երկու թիմերին էլ հաջորդ փուլ դուրս բերեց, իսկ «Բարսելոնան» ուղեգիրը նվաճեց Մոսկվայում՝ 3:0 հաշվով պարտության մատնելով «Սպարտակին»:

E խմբում նման հաջողության հասավ Դոնեցկի «Շախտյորը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Ուկրաինական թիմը մրցակցի հարկի տակ 5:2 հաշվով հաղթեց Դանիայի չեմպիոնին՝ «Նորդշյելանդին»:

Առաջինը գնդակ խփեցին դաշտի տերերը՝ 24-րդ րոպեին աչքի ընկավ Մորտեն Նորստրանդը: Երկու րոպե անց հյուրերը հավասարեցրեցին հաշիվը՝ խախտելով ֆեյր-փլեյի՝ արդար խաղի կանոնները: Մրցավարը վիճաբանական գնդակ նշանակեց նրանից հետո, երբ խաղը կանգնել էր, քանի որ ընկել էր դանիական թիմի ֆուտբոլիստը: «Շախտյորը» պետք է գնդակը հանձներ մրցակցին, սակայն վիճաբանականից հետո Վիլիանը միանգամից գնդակն առաջ ուղարկեց և Լուիզ Ադրիանոն մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ ու գրավեց դանիական թիմի դարպասը: Սա առաջացրեց դաշտի տերերի դժգոհությունը, քանի որ նրանք չէին միջամտում խաղին ու սպասում էին մինչ հյուրերը գնդակն իրենց կտան: Երկար ժամանակ նրանք փորձում էին բացատրել «Շախտյորին», թե ինչ է տեղի ունեցել և համոզել, որպեսզի մրցակիցը կենտրոնից սկսելուց հետո առանց դիմադրության թույլ տա իրենց գնդակ խփել: Սակայն Տարաս Ստեպանենկոն թույլ չտվեց դա անել, ինչն առաջացրեց տրիբունաների դժգոհությունը: Խաղից հետո «Շախտյորի» ավագ Դարիա Սռնան նշել է, որ իրենք չպայմանավորվեցին միմյանց միջև, որ պետք է գոլ բաց թողնել և ամեն ինչն «շատ տգեղ ստացվեց», իսկ Լուիզ Ադրիանոն ասել է, որ չէր տեսել, թե գնդակը խաղընկերոջից է իր մոտ եկել. բրազիլացու խոսքով՝ իրեն թվացել էր, թե անհաջող փոխանցում է կատարել դանիացի ֆուտբոլիստը:

Ինչևէ, հաշիվը հավասարվեց, սակայն կարճ ժամանակ անց «Նորդշյելանդի» հարձակվող Կասպեր Լորենցենը ևս մեկ գնդակ խփեց՝ 2:1: «Շախտյորը» առաջին խաղակեսի վերջում մեծ ուժերով առաջ գնաց և կարողացավ հավասարեցնել հաշիվը: Ֆերնանդինյոն գեղեցիկ անցում կատարեց և գնդակը փոխանցեց Մխիթարյանին, վերջինիս հարվածի ճանապարհը փակեց պաշտպանը, իսկ Վիլիանը երկրորդ փորձից դիպուկ հարվածեց՝ 2:2:

Երկրորդ խաղակեսի մեկնարկին Վիլիանը գեղեցիկ հարվածով ևս մեկ գնդակ խփեց, իսկ հետո ևս երկու գոլի հեղինակ դարձավ Լուիզ Ադրիանոն: Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը բավական ակտիվ էր, լավ էր տեղաշարժվում, սակայն վերջնամասում չէր կարողանում իրացնել իր պահերը: Առաջին խաղակեսում նա մեկ անգամ չգրավեց մրցակցի անպաշտպան դարպասը մոտ տարածությունից, ևս երկու անգամ նրա հարվածներից հետո գնդակն աննշան շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով: Երկրորդ խաղակեսի սկզբում Մխիթարյանը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի առջև, բայց նրա հարվածից հետո Յեսպեր Հանսենը վերջին պահին ոտքով գնդակը դուրս բերեց անկյունային:

Վերջին խաղում «Շախտյորը» սեփական հարկի տակ հանդիպելու է «Յուվենթուսին», և այդ խաղում ոչ-ոքիի դեպքում երկու թիմերն էլ հաջորդ փուլ դուրս կգան: «Չելսին» ուղեգիր կարող է նվաճել միայն այն դեպքում, եթե «Շախտյորը» պարտության մատնի իտալական թիմին:

E խումբ

Յուվենթուս (Իտալիա) – Չելսի (Անգլիա) 3:0

Նորդշյելանդ (Դանիա) – Շախտյոր (Ուկրաինա) 2:5

Շախտյոր – 10 միավոր, Յուվենթուս – 9, Չելսի – 7,  Նորդշյելանդ – 1

F խումբ 

Վալենսիա (Իսպանիա) – Բավարիա (Գերմանիա) 1:1

ԲԱՏԵ (Բելառուս) – Լիլ (Ֆրանսիա) 0:2

Բավարիա – 10, Վալենսիա –10, ԲԱՏԵ – 6, Լիլ – 3

G խումբ

Բենֆիկա (Պորտուգալիա) – Սելթիկ (Շոտլանդիա) 2:1

Սպարտակ (Ռուսաստան) – Բարսելոնա (Իսպանիա) 0:3

Բարսելոնա – 12, Սելթիկ – 7, Բենֆիկա – 7, Սպարտակ – 3

H խումբ 

Կլուժ (Ռումինիա) – Բրագա (Պորտուգալիա) 3:1

Գալաթասարայ (Թուրքիա) – Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա) 1:0

Մանչեսթեր Յունայթեդ – 12, Կլուժ – 7, Գալաթասարայ – 7, Բրագա – 3