Այսօր Երևանի պետական համալսարանում ուսանողները դասադուլ են արել՝ ջեռուցումը միացնելու պահանջով: Դասադուլը կազմակերպել են բանասիրության, մաթեմատիկայի և մեխանիկայի, փիլիսոփայության ֆակուլտետների ուսանողները: Նրանցից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ցուրտ լսարաններում դաս անելը հնարավոր չի եղել ու դաս չանելու խնդրանքին դասախոսները հեշտությամբ տվել են իրենց համաձայնությունը: Ուսանողը մեզ հայտնել է, որ այն բանից հետո, երբ դասադուլի մասնակիցների թիվը մեծացել է, ջեռուցումը միացվել է:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Կարեն Գրիգորյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ հենց այսօր ջեռուցումը միացնելու փաստը կապ չունի ուսանողների պահանջի հետ: «Ամեն տարի տարբեր ժամանակ է անհրաժեշտ լինում ջեռուցումը միացնել: Այս տարի տաք է, և մենք հենց այսօրվանից ենք սկսել ջեռուցումը»,- ասել է Գրիգորյանը՝ նշելով, որ ուսանողների՝ այսօրվա դասից փախնելը զուգադիպություն է: