2007թ. օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում տեղակայված զորամասում զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի հայրը՝ Սուրեն Օհանջանյանը, բաց նամակ է ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակը տարածել է «Բանակն իրականում» նախաձեռնությունը:
Սուրեն Օհանջանյանն ընդգծում է, որ չի հավատում պաշտոնական վարկածին, համաձայն որի իր որդին հոսանքազրկվել է: Հոր խոսքով՝ Տիգրանին գազանաբար սպանել:
«Որդուս` մահը զորամասում պետք է մտահոգեր պետական այրերին և մահվան հանգամանքների բացահայտումը պետք է հանդիսանար պետական գործընթացի բաղկացուցիչ մասը: Սակայն տեղի ունեցավ հակառակը`մինչ մենք մեր ողբերգության հետ էինք, նախաքննական մարմինը` հանձինս գործով քննիչ, դատախազ Գնել Մանուկյանի, զբաղված էր ապացույցները կեղծելով և ոչնչացնելով: Դրա արդյունքում արդեն վեց տարի է տարբեր դռներ ենք թակում` պարզելու ընդամենը մեկ հարց. ով և ինչու սպանեց իմ տղային, ինչու են զինվորների հետ հաշվեհարդար սկսել, որը ամենօրյա ողբերգություն է դարձել բանակում:
Հայրենասիրությունը ինձ և իմ ընտանիքին Ռուսաստանից հասցրեց Հայաստան, տղայիս` հայոց բանակ: Սակայն ես հայրենասիրություն չեմ տեսնում տղայիս գործը քննող քննիչի և դատախազների մոտ, ըստ որոնց պետական մտածողություն է դարձել բանակում տեղի ունեցող սպանությունները կոծկելը, վկաներին ահաբեկելը, իրենց չենթարկվող փորձագետներին հրավիրել քննչական վարչություն և նրանց միջոցով կեղծել փորձաքննության եզրակացությունները, խոսքս վերաբերում է քննիչ` Լևոն Պետրոսյանին: Բարոյալքված վիճակ է, իսկ այդ վիճակից մեզ դուրս հանող պաշտոնյա չկա, մեր ցավը անձնականացվել է և դարձել բացառապես մեր ողբերգությունը:
Հավատում էինք համակարգում տեղի ունեցած փոփոխություներին, հավատում էինք, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում էլեկտրահարման վերաբերյալ առաջադրված մեղադրանքները ձախողվելուց հետո ինչ-որ բան կփոխվի նախաքննական մարմնի տրամադրվածության մեջ և քննչական վարչություն կհրավիրվի տղայիս գործով նախկին քննիչ Գ.Մանուկյանը` պատասխանելու, թե ինչու որդուս մահվան գիշերը չկատարվեցին անհրաժեշտ քննչական գործողություններ և մահվան հաջորդ օրվան թողնվեցին հրատապ հարցաքննությունները, թե ինչու են տղայիս կոմուֆլյաժ վերնազգեստը ընթերականներով պատառոտված վիճակում առգրավել և 56 օր քննությունից թաքցնելուց հետո ուղարկել փորձագիտական կենտրոն բոլորովին այլ շորեր, որը պատառոտված չի եղել, ինչու է հագուստների փաթեթները բացվել առանց ընթերակաների և այնուհետև չի փաթեթավորվել, ինչու տղայիս իբր էլեկտրահարած ձգալարը ըստ պատշաճի չի առգրավվել և չի տրամադրվել փորձագետին, ձգալարը քննիչ Գնել Մանուկյանը վերցրել է պահեստից, բայց կազմել է արձանագրություն ընթերականների մասնակցությամբ թե իբր առգրավել է դեպքի վայրի ձգալարը և այդ պահեստից վերցրած ձգալարը ուղարկել է դատաբժշկական կենտրոն, իսկ դատաբժիշկ Վ. Ադամյանը այդ ձգալարը պահեստից վերցրած ուղղարկել է քրեաիրավագիտական բաժանմունք ուսումնասիրության, ինչու են դատաէլեկտրիկ փորձագետ Գ. Հարությունյանը և դատաբժիշկ փորձագետ Վ. Ադամյանը քննիչի հետ կեղծել քրեական գործի ապացույցները, փոխել հանցագործության պատկերը: Ո՞րն է եղել այս խմբի համատեղ գործելու անձնական շահարգվածության պատճառը, ո՞վ է պատվիրատուն», – գրում է Սուրեն Օհանջանյանը:
Նրա խոսքով՝ դատաէկտրոտեխնիկ Գ. Հարությունյանը տեղամասը փորձաքննել է առանց որևէ համապատասխան սարքի և հարմարությունների: Երկու անգամ համալիր և կրկնակի փորձաքննություն է նշանակվել, երկու անգամն էլ հերքվել է Հարությունյանի կողմից տրված դատաէլեկտրոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը, իսկ դատաբժիշկ Վ. Ադամյանի մոտ կրկնակի մեծացել է տղայի պարանոցի հատվածում առաջացած վնասվածքը և վնասվածքի արտաքին պատկերը:
«Վարդենիսի hոսպիտալում դիակի զննության արձանագրությամբ պարանոցի վնասվածքը եղել է 8-11 սմ, դատաբժշկական կենտրենի դատաբժիշկ Վ. Ադամյանի մոտ պարանոցի վնասվածքը դարձել է 19.6 սմ: Դատաբժշկական փորձաքննության մեջ ակնհայտորեն սխալ փաստեր են արձանագրվել հատկապես տղայիս ատամների առկայության վերաբերյալ: Որդուս զորակոչել եմ զին ծառայության առանց վերևի կտրող ատամի, դատաբժիշկ Վ. Ադամյանը իր կողմից տված դատաբժշկական եզրակացության մեջ նշում է, որ վերևի ատամնաշարը բնական է և ամբողջական: Այս բոլոր հանգամանքների այլաձևումը մնացել է չբացահայտված:
Իսկ նախաքննությունը ընտրել է գործը այս քննիչից այն քննիչին, այս դատախազից այն դատախազին փոխանցելու և քննությունը արհեստականորեն ձգձգելու ճանապարհ, որի պատճառով խորանում է մեր հիասթափությունները և ատելությունը այն ուժերի նկատմամբ,ովքեր արգելք են հանդիսանում գործի բացահայտմանը», – նշում է որդեկորույս հայրը:
Նրա խոսքով՝ գործի բացայտումը ցանկության դեպքում իրենից բարդություն չի ներկայացնում. պարզապես պետք է դատաբժիշկներին և նախկին քննիչին հրավիրել քննչական ծառայություն և պարզել, թե ովքեր են հրահանգավորել քննությունը նման կերպ տանելու և ապացույցները ոչնչացնելու առումով:
«Հարգելի Նախագահ, Դուք դեռ 2011թ հունվարի 27-ին նախագահական նստավայրի դարպասների մոտ, բոլորի ներկայությամբ խոստացաք, որ մեր որդիների սպանությունների գործերին հետևողական կլինեք: Մենք մեծ հույսերով սպասում էինք, արդյոք զին դատախազ Գ. Կոստանյանը կկատարի Ձեր կողմից նրան տրված հանձնարարականը, բայց պարզվեց, որ զինվորական դատախազությունը և ՀՀ ՊՆ քննչական վարչությունը Ձեր տեսադաշտից դուրս են մնացել: Մենք մեր հույսները չենք կորցրել, հույս ունենք որ Նախագահի տված խոստումները օդի մեջ չեն մնա:
Թերևս ժամանակն է, որ զինվորական հանցագործություններ հրահրողները, կատարողները, հովանավորողները ու կոծկողները հասկանան` մի օր դատվելու են. քեզ պաշտպանող ամեն զինվորին թաղելը, ընտանիքի լույսը մարելը չափազանց ծանր հանցանք է: Եվ եթե դա անում են անխիղճ անասունի պես, ուրեմն ժամանակն է, որ որոշ բաներ ինքդ քո մաշկի վրա զգաս: Եվ եթե Դուք, Ձեր խոստմանը հավատարիմ, իսկապես արմատախիլ անեք այս կարևորագույն ոլորտի կոռուպցիոն շերտերը /թեկուզ ուշացումով/, Դուք կունենաք վստահության այն մեծ քվեն, որը պետք է ցանկացած Նախագահի, և որը դեռ չի ունեցել անկախությունից հետո պաշտոնավարաց նախագահներից և ոչ մեկը», – եզրափակել է Սուրեն Օհանջանյանը: