Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի են ունեցել «Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի» և «Դավիթ Սանասարյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի» դատական գործերով հերթական նիստեր:
Այդ երկու գործերում էլ, ինչպես նաև նույն պատասխանողի դեմ Գարեգին Չուգազսյանի բերած բողոքում, հայցվորներին ներկայացնում է Մհեր Արշակյանը: Հիշեցնենք, որ բոլոր 3 հայցվորները պահանջում են հատուցել իրենց բարի համբավին, պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը: Հայցի առարկան «Նուվել դ՛Արմենի» ամսագրին Ռուբեն Հայրապետյանի տված հարցազրույցն է, որը, ըստ հայցվորների, պարունակում է իրեն վիրավորող և իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտություններ:
Դավիթ Սանասարյանի հայցով այսօրվա նիստին Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչները միջնորդություն են ներկայացրել դադարեցնել Արշակյանի ներկայացուցչական գործունեությունը, քանի որ, ըստ կողմի, «Արշակյանը երեք հայցերով պարբերաբար միջնորդություններ է ներկայացրել, ինչը փաստաբանների մասին օրենքի խախտում է»:
Դատավոր Էդուարդ Ամալյանը բավարարել է միջնորդությունը, և գործում ներգրավել է այլ պաշտպան՝ Կարապետ Բադալյանին: Մհեր Արշակյանը, սակայն, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ բոլոր գործերով ոչ թե պարբերաբար, այլ միաժամանակ միջնորդություն է ներկայացրել, ինչը խախտում չէ և միջնորդությունն ընդունելու դատական որոշման մեջ վատ միտում կա:
Հրանուշ Խառատյանի գործով նիստին Հայրապետյանի ներկայացուցիչները ներկայացրել են Հայրապետյանի նոտարով հաստատաված ստորագրությունը, ինչպես պահանջում էր հայցվոր կողմը, և նիստը հետաձգվել է: Չուգասզյանի հայցով առաջին նիստը կայանալու է դեկտեմբերի 3-ին: