Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» և ևս ՀՀ 15 օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Կառավարության կայքի համաձայն, նախագծերը միտված են գործարար միջավայրի արմատական բարելավմանը, երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը, փոքր և միջին տնտեսվարող սուբյեկտների հարկման համակարգի կատարելագործմանը, ձեռնարկատիրական գործունեության հավասար պայմանների ստեղծմանը։
«Այս հարցը բավական երկար և բուռն քննարկումների առարկա է եղել, այն մենք քննարկել ենք նաև հասարակական կազմակերպությունների, ձեռներեցների միության հետ, փոքր և միջին բիզնեսի խորհրդում, – նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ – Փաթեթում կան բազմաթիվ դրույթներ, որոնց բիզնեսը երկար էր սպասում։ Եվ այժմ մենք կատարում ենք օրենսդրության այս արմատական փոփոխությունները։ Ընդհանուր առմամբ խոսքը վերաբերում է բիզնես միջավայրի բարելավմանը։ Շեշտադրումը կատարվում է փոքր և միջին բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծման վրա։ Մասնավորապես, ներդնում ենք շրջանառության հարկ, փոքր և միջին բիզնեսն ազատում ենք շահութահարկից և ավելացված արժեքի հարկից։ Արդյունքում վերանում է 13 հաշվետվություն, ձևավորվում է պարզ համակարգ։ Սա բիզնեսի կողմից սպասված միջոցառում է։
Տեղի են ունեցել քննարկումներ նաև Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովների նախագահների հետ, և նրանց դիտարկումները և առաջարկությունները նույնպես հաշվի ենք առել այս փաթեթը մշակելիս։ Չնայած դրան` համոզված եմ, որ կլինեն բուռն քննարկումներ, որովհետև այն բավական մեծ փաթեթ է, և լրջագույն փոփոխություններ են առաջարկվում», – ասել է ՀՀ վարչապետը։