Home / Հայաստան / Դալմայի այգիների նախկին տերերին խոստանում են փոխհատուցում տալ. նրանք ուզում են տեսնել նախագահին

Դալմայի այգիների նախկին տերերին խոստանում են փոխհատուցում տալ. նրանք ուզում են տեսնել նախագահին

Դալմայի այգիների հողերի նախկին սեփականատերերը կասկածներ ունեն, թե իրենց դիմումներն ու նամակները անձամբ ՀՀ նախագահին չեն հասնում, ուստի որոշել են այսուհետ այլ ճանապարհներ փնտրել՝  դրանք հասցեատիրոջը հանձնելու համար: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է սեփականատերերից մեկը՝ Ռուզան Ղազարյանը:

Այսօր սեփականատերերը հերթական բողոքի ակցիան են անցկացրել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում: Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ իրենց հողերը խլել են և համարժեք փոխհատուցում չեն վճարել:

Ակցիայի մասնակիցների հետ այսօր նախագահի նստավայր էին եկել նաև քաղաքապետարանի ներկայացուցիչներ, իսկ ավելի ուշ բողոքող սեփականատերերին է մոտեցել ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը, ում սեփականատերերը հրաժարվել են նոր դիմում հանձնել:

«Տիկին Ասատրյանն ասաց, որ մեր դիմումին գրավոր պատասխան չի լինելու և բանավոր տեղեկացրեց, որ նախագահը շատ զբաղված է ու մեզ ընդունել չի կարող, իսկ նախագահի վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Հովսեփյանն էլ, ում բազմիցս հանդիպել ենք, այժմ հրաժարվում է մեզ ընդունել: Մենք իր հետ հանդիխպելու ոչ մի ցանկություն չունենք: Այս տարվա հոկտեմբերի 10-ին դիմումով պահանջել ենք հանդիպում անձամբ Սերժ Սարգսյանի հետ, սակայն մինչ օրս ոչ մի պատասխան չենք ստացել, այնինչ օրենքով մեկ ամսվա ընթացքում պետք է գրավոր պատասխանեին», – ասել է Ղազարյանը:

Նրա խոսքով՝ իրենց խնդիրը կարող է լուծել միայն նախագահը. «Ուրիշ ոչ ոք մեր հարցը լուծելու ուժ ու զորություն չունի»:

Խնդրի առնչությամբ Epress.am-ի թղթակիցը զրուցել է Երևանի քաղաքապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Կարապետյանի հետ:

«Մենք շարունակում ենք աշխատել հողերի սեփականատերերի հետ ու ամեն ինչ անում ենք, որ հատուցումներն օր առաջ տրվեն: Կոնկրետ ժամանակահատված չեմ կարող նշել, բայց անպայման փոխհատուցելու ենք: Այս տարվա ընթացքում 48-ից մնացել է 18 սեփականատեր, ում պահանջները անպայման կբավարարվեն», – ասել է Կարապետյանը:

Նշենք, որ Դալմայի այգիների հողերի օտարման մասին որոշումը կայացվել է 9 տարի առաջ: Հողերի նախկին սեփականատերերը նշում են, որ իրենցից շատերը չիմանալով, որ իրենց հողերը գնված են, շարունակել են հողի, ջրի հարկեր վճարել, մշակել տարածքները, իսկ հետո էլ դուրս են հանվել հողերից:

Բողոքողները նշել են, որ նոր սեփականատերերը, որոնց թվում մի քանի ընկերություններ, այդ թվում՝ «Հայռուսգազարդը», ինչպես նաև անհատներ,  տարածքը գնել են գույք պարտքի դիմաց ծրագրով և հրաժարվում են գոնե փոխհատուցում վճարել հողերի նախկին մշակողներին: