Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարին Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ իր բոլոր մարտընկերները, այդ թվում՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, իրավասու են այս կամ այն հարցում իրեն հորդորել, և որ իր ինքնասիրությունը դրանից չի պակասում:
Բանն այն է, որ երեկ Aravot.am-ի թղթակիցը նկատել էր, որ Գասպարիի ցուցապաստառներից, որտեղ փակցված են գործարար պատգամավորների լուսանկարներ, անհետացել է ԲՀԿ առաջնորդ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի նկարը, որը ակտիվիստը ավելացրել էր նախորդ շաբաթ:
Ծառուկյանի լուսանկարի անհետանալը Վարդգես Գասպարին բացատրել էր նրանով, որ իրեն հորդորել է Լևոն Զուրաբյանը: «Ես էլ, որպես ՀԱԿ-ի անդամ, նաև իր վստահված անձ, իր հորդորը լսեցի», ասել էր Գասպարին:
Դիտարկմանը՝ թե ինքը որպես ազատ քաղաքացի իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի, Գասպարին պատասխանել էր. «Այո, համաձայն եմ, բայց նաև՝ ՀԱԿ-ի անդամ»: Հարցին, թե արդյոք Գասպարին ենթարկվեց Զուրաբյանին՝ ակտիվիստը պատասխանել էր. «Չենթարկվեցի, ընդունեցի իր հորդորը: Չեմ կարծում, որ որևէ մեկը կարողանա ինձ ենթարկեցնել»: Գասպարին նշել է, որ իր կարծիքը Գագիկ Ծառուկյանի մասին, ամեն դեպքում, չի փոխվել:
Aravot.am-ի հետ զրույցում Լևոն Զուրաբյանը հայտնել էր, որ ինքը Գասպարիին նման բան չի ասել:
«Չի կարող պատահի, որ ես իրեն…ես իրեն…ո՞նց կարող է պատահի: Ես նման բան չեմ ասել, ինքն էլ հանե՞լ է: Չհասկացա, այսինքն ինքը ինձ ընդունում է, որ ես դիկտատո՞ր եմ: Ոչ մի նման բան ես չեմ ասել: Կներեք: Կարող է ինքը սխալ է հասկացել: Ես նման բան չեմ ասել, որովհետև դա իմ գործը չի ընդհանրապես: Ես ընդհանրապես նման բաների մեջ երբեք չեմ խառնվել», – ասել էր Զուրաբյանը:
Գասպարին իր ֆեյսբուքյան էջում 4 պարզաբանում է ներկայացրել.
«Պարզաբանում առաջին. Ես Լ. Զուրաբյանին գիտեմ 90-ականների սկզբից և արդեն մոտ երկու տասնամյակ համակրում եմ նրան, որպես ուսյալ, բարեկիրթ և բարոյական նկարագրով քաղաքական գործիչ: Ինձ երբևէ քաղաքական ֆիգուր չհամարելով, լինելով պարզապես քաղաքացի և իրավապաշտպան, ինձ համարում եմ նրա համախոհը և թիմակիցը:
Պարզաբանում երկրորդ – Ով` ով, բայց Լ. Զուրաբյանը, Ա. Մանուկյանը, Ն. Փաշինյանը և առհասարակ իմ բոլոր մարտընկերները իրավասու են այս կամ այն հարցում ինձ հորդորել, և երբևէ իմ ինքնասիրությունը չի պակասում դրանից:
Պարզաբանում երրորդ – Վերոհիշյալով ես երբևէ չեմ հերքում կամ հաստատում Լ. Զուրաբյանի հասցեին արվող քննադատությունները. ամեն ոք թող ինքը հիմնավորի իր քննադատությունը: Ոչ էլ ես ցանկանում եմ Լ. Զուրաբյանին անթերի անձնավորություն ներկայացնել:
Պարզաբանում չորրորդ – Ես 88-ից ի վեր ինձ համարում եմ այն քաղաքական թիմի համախոհը, որը ներկայացնում է Լ. Զուրաբյանը: Մասնավորապես, ինձ պատասխանատու եմ համարում մեր իշխանության տարիներին թույլ տրված սխալների և բաց թողումների համար»: