Վերջին երկու օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղխորհրդի նիստեր է արել, որոնց մասնակցել է հիսունական մարդ՝ պատգամավորներ և մարզային կառույցների ղեկավարներ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթն ընդգծում է, որ երկու օրվա նիստերի օրակարգում էլ նույն հարցն է եղել. ի՞նչ են մտածում շարքերն ու պատգամավորներն առաջիկա նախագահական ընտրությունների և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջադրման մասին։
«Բոլոր մարզային կառույցների ներկայացուցիչները հատ-հատ ներկայացրել են իրենց տեսլականը մասնակցության մասին, պնդել, որ պետք է ներկայանալ բացառապես սեփական թեկնածուով, և այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը։ Վարդան Օսկանյանին ոչ մեկը չի մատնանշել», – գրում է թերթը, որը զրուցել է նիստի մասնակիցների հետ:
«Հրապարակի» հաղորդմամբ, Ծառուկյանն ասել է, որ իր որոշումն արդեն կայացրել է, սակայն որևէ բառ այդ որոշման մասին չի արտաբերել, ԲՀԿ-ի արմատական տրամադրված մասը հասկացել է, որ Ծառուկյանն անպայման առաջադրվելու է, ոչ արմատական մասը դեռ հույս ուներ, որ «հնարավորությունը հիսուն-հիսուն է»։
Ծառուկյանն ասել է նաև, որ որոշումը կհրապարակի իր ծննդյան օրվանից՝ նոյեմբերի 25-ից, մի քանի օր անց, ապա տեղեկացրել է՝ քանի որ ծննդյան օրն ինքը սովորաբար անցկացնում է հանրապետությունից դուրս, կգնա-կգա կհայտարարի իր որոշման մասին։
«Ներկաներն ասել են՝ ուշ է, վաղը հրապարակեք։ Նա պատասխանել է՝ չէ, նորմալ է», – գրում է օրաթերթը: