Այս տարի Սևանա լիճ է բաց թողնվել 366 000 մանրաձուկ՝ 200 հազար հատ ամառային իշխան և 166 հազար հատ գեղարքունի մանրաձուկ, որոնք ձեռք են բերվել «Արևաձուկ» կազմակերպությունից և Անգեղակոթի ձկնաբուծական գործարանից: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 59.5 մլն դրամ, տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը:
Նոյեմբերի 22-ին բնապահապանության նախարար Արամ Հարությունյանը Գեղարքունիքի մարզպետարանում անցկացրել է Սևանա լճում ձկնորսության արգելանքի ռեժիմի սահմանման վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են բոլոր շահագրգիռ կողմերը՝ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները, մարզային ոստիկանության, լճին հարակից համայնքների ղեկավարները:
Քննարկվել են Սևանա լիճը գոտևորող անտառային բոլոր ճանապարհների փակման և հսկիչ կետերի տեղեկայման, լճից լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրսբերման, շուրջօրյա հերթապահության սահմանման մասին հարցեր:
«Այսօր նախատեսել ենք մանրաձկան բացթողում Սևանա լիճ: Հարակից համայնքներում, ինչպես նաև ողջ ազգաբնակչության շրջանում պետք է իրականացնել բացատրական աշխատանքներ: Ձվադրման շրջանում արհեստական միջամտություն ենք անում՝ նպատակ ունենալով աշխատանքներն այնպես կազմակերպել, որպեսզի հետագայում հաջողությամբ կարողանանք արձանագրել բնական վերարտադրությանը:
Դրա համար անհրաժեշտ է դադարեցնել բոլոր մուտքերն ու ելքերը դեպի լիճ: Բնապահպանության նախարարության, Ոստիկանության և Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ արդեն ունենք միջոցառումների ծրագիր և աշխատելու ենք այդ ծրագրով»,- նշել է նախարարը:
Արամ Հարությունյանը ընդգծել է, որ Գեղարքունիքի մարզում ձկնագողության դեպքերի նվազեցման ուղղությամբ կազմակերպվելու են խիստ միջոցառումներ:
Բնապահպանության նախարարի հանձնարարականով, մոտակա երեք օրերի ընթացքում պետք է սահմանել շուրջօրյա հսկողություն, քանի որ մանրաձկան բացթողումից, հետո այն մնում է նույն տեղում՝ մինչև ադապտացիոն շրջանի ավարտը: