«Նաիրիտ» գործարանի հնարավոր ձեռքբերողների թվում է հայտնվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ, շրջանառվող տեղեկությունների համաձայն, «Նաիրիտի» նկատմամբ Ծառուկյանի հետաքրքրությունը նոր չէ, այն դեռևս Ռոբերտ Քոչարյանի օրոք է ի հայտ եկել՝ 2006 թվականից։
«Սակայն չի հաջողվել, քանի որ առանց Քոչարյանի «ակտիվ միջամտության» նման գործարքները չէին կարող իրագործվել։ Ինչ վերաբերում է ներկա մտադրություններին, ապա Ծառուկյանի գործը բարդ է այն պատճառով, որ ուժեղ մրցակից ունի՝ ռուսական նավթագազային «Իտեռա գրուպը», և իր առաջարկած գինը համեմատաբար ցածր է։
Նշենք, որ, ըստ աշնանը տարածված լուրերի, «Իտեռա գրուպը» Հայաստանի կառավարության հետ քննարկում է «Նաիրիտ» գործարանի կառավարումը ստանձնելու հնարավորությունը։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն, առայժմ սպասողական տրամադրություններ են, ամեն ինչ կախված է «Իտեռայից». եթե այս ընկերությունը ձեռք չբերի, ապա ցածր գնով այն կփորձի ձեռք բերել Գագիկ Ծառուկյանը։ Այնպես որ, նախագահական ընտրություններին Ծառուկյանի պահվածքը կախված է մի շարք կարևոր հարցերից», – գրում է թերթը։