ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի կողմից տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Համանախագահները Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են նաև Ստեփանակերտում ունեցած հանդիպումների արդյունքները:
Համանախագահները հանդիպել են նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նախարարը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից շարունակաբար արվող սադրիչ հայտարարությունների վրա՝ նշելով, որքան էլ դրանք ներքին օգտագործման համար լինեն, սակայն լուրջ վնաս են հասցնում բանակցային գործընթացին և սրում են իրավիճակը տարածաշրջանում։
ՀՀ ԱՆ մամուլի հաղորդագրության համաձայն, համանախագահները Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեցին Ստեփանակերտում Արցախի նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքները և շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված իրենց առաջարկությունները։
Զրուցակիցները քննարկել են դեկտեմբերին Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռանախագահների հետ հանդիպման հնարավորությունը։