Մոսկվայի Դմիտրի Ռոգաչյովի անվան մանկական հեմոտոլոգիական կլինիկայում գտնվող, արյան հիվանդությամբ տառապող պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Արթուրի հայրը, ով այս պահին գտնվում է Մոսկվայում:
Հիշեցնենք, որ 1 տարի 10 ամիս բանակում ծառայելուց հետո Նուբարաշենի զորամասի ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի մոտ նախորդ ամսվա ընթացքում արյան հիվանդություն է հայտնաբերվել: Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում տղայի հայրը՝ Ռոմիկ Քոչարյանը, պատմել էր, որ «թեև Արթուրը գտնվում է 8-րդ հիվանդանոցում, վիճակը բավական ծանր է»: Ծնողները նշում են, որ երիտասարդի հիվանդության ախտորոշումը կատարվել է մեկ ամիս ուշացումով, մինչ այդ նրա մոտ դեղնախտ էին կասկածում: Քոչարյանը պետք է զորացրվեր նոյեմբերի վերջին:
Բուժումն արտերկրում շարունակելու համար Մոսկվայի կլինկաներից մեկը համաձայնել էր ստանձնել երիտասարդի բուժման պատասխանատվությունը: Բուժման համար 67.000 դոլար էր պահանջվել, ինչը ծնողների խոսքով՝ «չէին կարողանում գտնել»:
Քոչարյանն ընդգծել է, որ թեև իրենց խնդրանքով Մոսկվայում բժիշկները ընդունել են հիվանդին, սակայն վերջին երկու շաբաթների ընթացքում դժգոհություն են հայտնել՝ կապված գումարի ուշացման հետ:
«Ասում են՝ քիչ ժամանակ չէ, երկու շաբաթ է, ոչ մի մուծում չեք անում, իսկ մենք բուժում ենք անում», – ասել է զինվորի հայրը:
Հայրը նշել է, որ երեկ երեկոյան իրեն զանգահարել են Հայաստանից ու հաղորդել, որ Պաշտպանության նախարարությունը փոխանցել է պահանջվող ամբողջ գումարը:
«Տվյալ պահին բուժման համար պահանջվում է 1 միլիոն 700.000 ռուբլի, ու ՊՆ-ից հաղորդել են, որ գումարի հարցը լուծված է: Դե երեկ ուրբաթ էր, այսօր ու վաղը ոչ աշխատանքային են ու իսկությունը պարզ կլինի երկուշաբթի առավոտյան: Իրենք ասում են՝ «կգնաք, կտեսնեք, որ գումարն արդեն նստած է հաշվեհամարին, մնում է 2 օր էլ սպասեմ», – ասել է Քոչարյանը:
«Բուժումը մի քիչ ուշացրել էինք, բայց ամեն ինչ արվում է: Բուժումը շատ բարդ է, բժիշկն էլ ասում է, որ իրենք առայժմ ոչինչ ասել չեն կարող: Ասում են՝ «վիճակը լավ չէ, բայց անհուսալի էլ չէ: Ուրախալի է այն, որ վիճակը գոնե կայուն է»», – պատմել է Քոչարյանը:
Հոր խոսքով՝ օրեր տևած արհեստական կոմայից այժմ տղան դուրս է եկել ու հիմա գիտակցությունը տեղն է:
«Բուժումները շարունակվում են, տեսնենք, թե ոնց է լինելու», – եզրափակել է զինվորի հայրը: