2012 թվականի մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրություններից հետո Ավան վարչական շրջանը և Նոր Նորք համայնքի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում ընտրողների թիվը ավելացել է 2 հազարով՝ 63 814-ից դառնալով 65 հազարից ավելիի:
Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է թիվ 1 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
Վերջինս նշել է, որ իր թիմի ծրագրավորողները հայտնաբերել են, որ բազմաթիվ հասցեներում գրանցված է մինչև 25 ընտրող, և միայն վեց և ավել անդամներով ընտանիքների 904 հասցե են հայտնաբերել:
«Ժառանգության» անդամը նշել է, որ նման ձայներով մոխրամանն էլ դնի իր թեկնածությունը՝ կանցնի: Սաֆարյանը ցուցակների հետ կապված այս խախտումները համարում է ահազանգ՝ նախագահական ընտրություններից առաջ:
Հիշեցնենք, որ Սաֆարյանի մրցակիցն է ՀՀԿ-ի կողմից առաջադրված Ռոբերտ Սարգսյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է:
Սաֆարյանն անդրադարձել է նաև շենքերին հարակից հասցեների առկայությանը՝ նշելով, որ դրանք կարող են լինել և տներ, և ավտոտնակներ, որտեղ մարդիկ են գրանցված:
Այս հարցում Սաֆարյանը պատրաստվում է հետևողական լինել. նա նշել է, որ անկախ ընտրություների արդյունքներից՝ զբաղվելու է այս հասցեներով ու փորձելու է գտնել դրանց տերերին:
Խոսելով իր մրցակցի մասին՝ Սաֆարյանը նշել է, որ վերջինս բազմաթիվ խախտումներ է թույլ տվել, որի վերաբերյալ վաղն ինքը դիմում-բողոք է ներկայացնելու ԿԸՀ:
Սաֆարյանի խոսքով՝ Ռոբերտ Սարգսյանն ունի 35-ից ավելի շտաբ: Բացի դա, վերջինս իր հայտարարագրում ներկայացրել է, թե որքան է ծախսել ընտրարշավի ժամանակ՝ նշելով 2 միլիոն 652 հազար 80 դրամ, ինչը, սակայն, Սաֆարյանի խոսքով, չի համապատասխանում իրականությանը, քանի որ միայն թիվ 1 ընտրատաարծքում փակցված պաստառներն արդեն ավել են ներկայացված գումարից:
Անդրադառնալով նույն ընտրատարածքում առաջադրված, այնուհետև ինքնաբացարկ հայտնած Կանաչների կուսակցության ղեկավար, ՀԱԿ ներկայացուցիչ Արմենակ Դովլաթյանին, Սաֆարյանն ասել է, որ շատ բարձր է գնահատում նրա քայլը և իր թիմով իրենց աջակցելու հայտարարությունը: Նա բարձր է գնահատել նաև «Հանրապետություն» կուսակցության՝ իրեն աջակցելու մասին որոշումը: