Նոյեմբերի 23-24-ը Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որի նպատակն էր ս.թ. նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում կայանալիք հանձնաժողովի հերթական նիստից առաջ հանդիպումներ ունենալ ԼՂՀ իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ:
ԱԺ-ի հաղորդագրության մեջ նշված է, որ ԼՂՀ նախագահի, Ազգային Ժողովի ներկայացուցիչների, ԱԳ նախարարի և հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների ժամանակ արծարծվել են բրյուսելյան նիստի օրակարգում ներառված հարցերն ու խնդիրները:
ՀՀ ԵՄ պատվիրակության կազմում էին պատվիրակության ղեկավար ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը, Հայ Ազգային Կոնգրեսից Նիկոլ Փաշինյանը, ԲՀԿ-ից Տիգրան Որիխանյանը, ՕԵԿ-ից Կարեն Բոթոյանը: Հանդիպման մասնակիցները, կարևորելով հայկական երկու խորհրդարանների միջև տարբեր ձևաչափերով նման հանդիպումների հաճախակի կազմակերպման անհրաժեշտությունը՝ հանդես են եկան մի շարք տեսակետներով, նկատառումներով և գործնական առաջարկություններով: