Home / Հայաստան / Մահվան օրը Էլենը անսովոր ուրախ էր. դպրոցում չեն հավատում «տարօրինակ ֆիլմերի» մասին վարկածին

Մահվան օրը Էլենը անսովոր ուրախ էր. դպրոցում չեն հավատում «տարօրինակ ֆիլմերի» մասին վարկածին

13-ամյա Էլեն Սարգսյանը, ով նոյեմբերի 23-ին ընկել էր 11-րդ հարկի պատուհանից ու մահացել, դեպքի օրն անսովոր ուրախ և գեղեցիկ է եղել: Այսօր Epress.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է թիվ 171 դպրոցի տնօրեն Արամ Սաֆարյանը:

Էլենի մասին խոսելիս դպրոցի տնօրենն ընդգծել է, որ իրենց կոլեկտիվը միշտ հպարտացել է այդ երեխայով:

«Զվարթ, անուշիկ, շնորհալի, աշխատասեր ու խելացի աղջնակ էր: Մասնակցում էր դպրոցի գրեթե բոլոր միջոցառումներին, բացակայություններ համարյա չի ունեցել,  դասից փախչելու մասին խոսք լինել չէր կարող: Ոչ մի բացասական կողմ չուներ այս երեխան, որով կտարբերվեր մյուս աշակերտներից: Մահվան լուրն իմանալու պահից  մինչև հիմա մեր կոլեկտիվը  շոկի մեջ է. ամեն առավոտ այդ դասարան մտնող ուսուցիչների հետ զրուցում ենք ու ամեն ինչ անում, որպեսզի դրսում շրջանառվող լուրերը դպրոց «չմտնեն» ու երեխաները զերծ մնան բամբասանքներից», – պատմել է Սաֆարյանը:

Դպրոցի փոխտնօրենի (նա չի ցանկացել իր անունը հրապարակել) խոսքով՝  ճանաչողներից շատերը ընդգծված ունակություններով օժտված այս աղջնակի ծնողներին երանի են տվել և միշտ մեծագույն հարգանքով ու ակնածանքով վերաբերվել այս ընտանիքին:

«Էլենը այնքան գեղեցիկ էր ու խնամված էր, որ ամեն անգամ տեսնելիս մտածում էի՝ ինչ հրաշք է այս աղջնակը, երանի ծնողներին, որ նման զավակ ունեն: Ուրախ, զվարթ, դաստիարակված այս աղջնակը դպրոցում բոլորի սիրելին էր: Այդ օրն էլ, սովորականի պես, դպրոցում էր, 7 ժամ դաս է ունեցել, հետո տուն գնացել, իսկ ավելի ուշ իմացել ենք տեղի ունեցածը, ինչը մեզ համար նույնպե անակնկալ էր, երբեք չէինք սպասում, որ այս երեխայի հետ նման բան կարող է պատահել», – պատմել է դպրոցի փոխտնօրենը:

Նրա խոսքով՝ Էլենը երբևէ որևէ կերպ չի տարբերվել մյուս երեխաներից, մեկուսացած չի եղել ու տարօրինակ վարքագիծ չի դրսևորել:

«Շատ պարզ ու համեստ աղջնակ էր: Շքեղ վարսեր ուներ ու սիրում էր դրանք փռել ուսերին և տխրում էր, երբ ուսուցիչները զգուշացնում էին մազերերը կապել: Այդ օրն էլ, երբ առավոտյան դպրոց եկավ, մազերը արձակած էին, ասացի՝ «Էլեն ջան, այսօր շատ սիրուն ես», Էլենն էլ ժպտաց ու գնաց: Հետո ֆիզկուլտուրայի ժամին տեսա՝ վազում էին, ուսուցիչն ասել էր՝ «Էլեն ջան, մազերդ չեն խանգարում, ուզո՞ւմ ես՝ կապի», ինչին ի պատասխան ժպտալով ասել էր՝ «չէ, էսպես լավ է ընկեր Դարբինյան», – պատմել է փոխտնօրենը:

Նա նաև պատմել է, որ դեպքից հետո Էլենի նստարանին ոչ ոք չի նստում. դասընկերները  շփոթված են ու չափազանց ազդված:

«Այսօր՝ ծնողների թույլտվությամբ հոգեբան ենք հրավիրել, ով այս պահին աշխատում է  աշակերտների հետ: Միգուցե, այս կերպ կարողանանք  երեխաներին դուրս բերել շոկային վիճակից: Նրանք մասնակցել են թե հոգեհանգստյան, թե թաղման արարողություններին և պատկերացրեք, թե ինչպիսի վիճակում են՝ «անընդհատ նայում էին դիակին ու արտասվում, աննկարագրելի դաժան տեսարան էր», – նշել է մեր զրուցակիցը:

Փոխտնօրենի խոսքով՝  Էլենի թաղման արարողությունը տեղի է ունեցել նրանց կիսակառույց սեփական տնից, որը վերանորոգման մեջ է և որտեղ պետք է տեղափոխվեին մոտ ժամանակներս:

«Մայրը անվերջ կրկնում էր՝ «ինչի՞ համար, այս ի՞նչ եղավ, պետք է այս առիթո՞վ մեր տուն գայիք»», – պատմել է նա ու նշել, որ դպրոցի ավանդույթի համաձայն՝ իրենք պարբերաբար տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց են հրավիրում՝ աշակերտների հետ հանդիպման, ու այցյալ շաբաթ հերթը հոգևոր հովվինն էր, ով հարգելի պատճառով չի եկել:

«Նախօրոք երեխաներին խնդրել էինք հարցեր նախապատրաստել, ինչին չմասնակցեցին Էլենի դասընկերները: Զարմանալի էր, սակայն ոչ ոք այդ դասարանից որևէ հարց չէր պատրաստել: Շրջանառվող այն վարկածը՝ իբրև թե աղջիկը տարօրինակ ֆիլմեր է դիտել, շատ անհամոզիչ է: Մտածում ենք՝ մի՞թե աղջնակը  հետաքրքրող հարցեր չէր ունենա: Դժբախտ պատահարին հաջորդող օրերին ինձ մի միտք է տանջում՝ միգուցե հոգևորականը գար, զրուցեր, կիսվեր երեխաների հետ ու անգամ, եթե Էլենը նման մտադրություն ուներ, հետ կանգներ այդ մտքից ու դեպքը տեղի չունենա՞ր», – ասել է փոխտնօրենը:

Դպրոցի ղեկավարությունը շփոթված է՝ Էլենի նստարանին մոմեր կամ ծաղիկներ դնելու  մասին երկար են մտածել, սակայն ի վերջո որոշել են:

«Երկար մտածեցինք ու հասկացանք, որ աշակերտների սթրեսը  դրանից ավելի կխորանա, ինչը մենք չէինք ցանկանա: Անկախ ամեն  ինչից՝ միշտ էլ հիշելու ենք այս երեխային, ում անչափ սիրել ենք ու երբեք չենք մոռանա, նա կիսով չափ նաև իմ երեխան է՝ չէ՞ որ օրվա մի մասը անցել է այս օջախում», – ասել է տնօրենը:

Դպրոցի պատերին փակցված Էլենի վերջին աշխատանքները

 

Դեպքի մասին Еpress.am-ի թղթակիցը զրուցել է նաև Էլենի հարևանների ու բակի ընկերիների հետ:

«11-րդ հարկում տատիկի տունն էր, այստեղ ժամանակավոր էին բնակվում, մինչև իրենց տունը կնորոգեին: Հրաշալի երեխա էր, օրինակելի ընտանիքի զավակ, ուղղակի նախանձել կարելի էր», – ասել է հարևաններից մեկը, ով ներկայանալ չի ցանկացել:

Բակում հավաքվածներից ոմանք էլ պատմել են, որ իրենք  դեպքին ականատես են եղել ու մինչ օրս չեն կարողանում հավատալ կատարվածին:

«Էնքան սիրուն էր, խելոք, երբ մոտեցա ու տեսա, որ ինքն ա՝ չհավատացի: Նայեցի վերև, պատուհանը բաց էր, հետո իջան հայրը, եղբայրը, մայրը, ահավոր էր, երանի  սուտ լիներ», – ասել է 15-ամյա Արմենը և արցունքներն աչքերին՝ հեռացել: