Վրաց պատրիարք Իրակլի Երկրորդի անունով կոչվող միությունը համարում է, որ Վրաստանի ներկայիս կառավարությունը պետք է չեղյալ համարի նախորդ խորհրդարանի կողմից չերկեսների ցեղասպանության ճանաչումը և միաժամանակ ճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Այս մասին Regnum գործակալության հետ զրույցում ասել է «Իրակլի Երկրորդ» միության նախագահ Արչիլ Չկոիձեն:
Նրա խոսքով՝ չերկեսների ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը կայացվել է տարերայնորեն, մեկ մարդու քմահաճույքով:
«Այն, ինչ կատարվում էր մեր երկրում, կատարվում էր մեկ կամ երկու մարդու քմահաճույքով, առանց պատմության ուսումնասիրության: Այդ հարցերով աշխատանքային խմբեր չեն ստեղծվել», – նշել է Չկոիձեն:
Ըստ նրա՝ նախկին իշխանություններն ընդունել են չերկեսների ցեղասպանության փաստը միայն «Ռուսաստանի կառավարության զայրույթը» հարուցելու նպատակով:
Չկոիձեի խոսքով՝ Ռուսական կայսրությունում չերկեսների ցեղասպանությունը չի ընդունել աշխարհում և ոչ մի երկիր, մինչդեռ Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել է Եվրամիությունը, ԱՄՆ Կոնգրեսը, Ֆրանսիան, Գերմանիան և Շվեյցարիան:
Չկոիձեն պահանջել է ճանաչել Հայոց Ցեղասպանության փաստը:
«Հայոց Ցեղասպանությունն աշխարհի կեսն ընդունել է, իսկ նույն Վրաստանում 300 հազար հայ է բնակվում, որոնց նախնիները ժամանակին այդ Ցեղասպանության զոհն են դարձել», – ընդգծել է նա: