ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով դեկտեմբերի 1-ից ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում հաստատվել է վճարովի ոչ բժշկական ծառայությունների մատուցման, ինչպես նաև ծննդաբերների և ծննդկանների տեսակցությունների կազմակերպման միասնական կարգ։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության կայքը:
Հրամանով հստակ սահմանվում է, որ ծննդօգնության ծառայությունների գծով պետական պատվեր իրականացնող բուժհաստատություններում ծննդաբերությունների հետ կապված բուժօգնության կազմակերպման գործընթացում, որպես վճարովի ոչ բժշկական ծառայություն, թույլատրվում է մատուցել միայն անհատական (միայն մեկ ծննդաբերի/ծննդկանի համար նախատեսված) լրացուցիչ տարածքով և բարելավված պայմաններով հիվանդասենյակի տրամադրում, ներառյալ խնամողի համար համապատասխան պայմանների ստեղծումը (առանձին մահճակալ, հիգիենայի պարագաներ և այլն):
Վճարովի այս ծառայության գները սահմանում է բժշկական կազմակերպության տնօրինությունը, սակայն այն չպետք է գերազանցի 10, 15 և 20 000 հազար դրամը` պայմանավորված հրամանով ամրագրված առաջարկվող պայմաններից։ Միաժամանակ, վճարովի ծառայությունների գնացուցակը պետք է փակցվի բժշկական հաստատության ընդունարանում` տեսանելի վայրում և տեղադրվի կազմակերպության կայքէջում:
Նույն հրամանով պետական պատվերի շրջանակներում ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններին ներկայացվում են որոշակի պահանջներ և պայմաններ.
1) ծննդաբերների և ծննդկանների համար նախատեսված վճարովի մահճակալների մասնաբաժինը չի կարող գերազանցել ծննդաբերական բաժանմունքի/ների մահճակալների ընդհանուր թվի 1/3-ը,
2) վճարովի հիվանդասենյակները պետք է մատուցվեն պացիենտի (ծննդկանի /ծննդաբերի կամ նրա օրինական ներկայացուցչի) և բուժհաստատության միջև կնքվող պայմանագրի հիման վրա,
3) հիվանդասենյակների վրա պարտադիր պետք է փակցված լինեն «վճարովի» կամ «անվճար» անշարժ ցուցանակներ,
4) պետք է բացառվեն վճարովի հիվանդասենյակներից օգտվելու ուղղորդումը և/կամ անվճար պալատներում ազատ մահճակալների բացակայության պատճառով վճարովի պալատների առաջարկը: Նման դեպքերում բուժհաստատությունը պարտավոր է անվճար հիմունքներով տրամադրել վճարովի պալատ, մինչև անվճար պալատում տեղի ազատվելը,
5) ծննդատան հիմնական մուտքերում, ընդունարանում և բաժանմունքում/ներում, տեսանելի տեղում պետք է փակցված լինի hայտարարություն, հետևյալի մասին.
ա.«Վճարովի հիվանդասենյակները տրամադրվում են միայն Ձեր ցանկությամբ և գրավոր համաձայնությամբ»,
բ. «Խնդիրներ առաջանալու դեպքում կարող եք դիմել տնօրինությանը, իսկ դրանց չլուծման պարագայում դիմել ՀՀ առողջապահության նախարարություն` 52-88-72 կամ 52-15-59 հեռախոսահամարներով»:
Միաժամանակ, ծննդօգնության ծառայությունների գծով պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպություններից պահանջվում է բարելավել ծննդաբերական բաժանմունքների անվճար հիվանդասենյակների պայմանները` առաջնորդվելով հրամանով սահմանված չափորոշիչներով։
ՀՀ առողջապահության նախարարի նույն հրամանով դեկտեմբերի 1-ից պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպություններում ծննդաբերներին և ծննդկաններին կատարվող տեսակցությունները կազմակերպվում են անվճար:
Տեսակցությունները պետք է կազմակերպվեն այցեքարտերի միջոցով` յուրաքանչյուր ծննդկանին տրամադրելով «այցելուի անհատական այցեքարտ» ծննդկանի/ծննդաբերի կողմից ընտրված երկու, իսկ առանձին դեպքերում, տնօրինության որոշմամբ, երեք անձի համար: Ընտանիքի անդամի կամ հարազատի կողմից ծննդկանի/ծննդաբերի խնամքի կազմակերպման դեպքում այցելությունների նպատակով կտրամադրվի «խնամողի անհատական այցեքարտ»` առանց այցելությունների ժամային սահմանափակման:
Նախարար Դումանյանը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում ստեղծել առանձին պայմաններ (սենյակ, անկյուն), հիվանդասենյակից դուրս` ծննդկանների/ծննդաբերների և այցելուների տեսակցությունը կազմակերպելու համար:
Հրամանով պահանջվում է հաստատել և ընդունարանում, հիմնական մուտքերում փակցնել, ինչպես նաև կազմակերպության կայքէջում տեղադրել տեսակցությունների կազմակերպման վերաբերյալ բուժհաստատության ներքին ընթացակարգ` ներառելով ներկայացվող սահմանափակումները.
• տեսակցությունները թույլատրել ժամը 15:00-ից մինչև ժամը 21:00-ն ընկած ժամանակահատվածում,
• տեսակցություններն արգելել`
• տվյալ պահին սուր վարակիչ հիվանդությամբ տառապող անձանց,
• ոչ սթափ վիճակում գտնվող անձանց,
• անկայուն, ակնհայտ անսովոր հոգեվիճակում գտնվող անձանց,
• համճարակային իրավիճակներում,
• մինչև 15 տարեկան երեխաներին:
Սույն հրամանով սահմանված սահմանափակումները չեն տարածվում գինեկոլոգիական և հղիության ախտաբանության բաժանմունքների վրա: