Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ դատավոր Ռ. Պապոյանի) այսօր մեղավոր է ճանաչել կնոջը սպանած Աղավնաձոր գյուղի բնակիչ Յուրիկ Բաբայանին և նրան դատապարտել 10 տարվա ազատազրկման: Այս մասին ասված է «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի «Արագ արձագանքման խումբ» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 3-ին, Բաբայանների սեփական տան բակում: Ամուսինը սկզբում ծեծել էր կնոջը, այնուհետև` սպանել: Յուրիկ Բաբայանն արարքը կատարելիս եղել էր ոգելից խմիչքի ազդեցության տակ, սակայն դատաբժշկական փորձաքննությունն աֆեկտի վիճակ չէր արձանագրել և Բաբայանին անմեղսունակ չէր ճանաչել: Բաբայանների հարևանները դատաքննության ընթացքում վկայել էին ամուսինների տարիներով ձգվող անհաշտության, գրեթե ամեն օր տեղի ունեցող վիճաբանությունների մասին:
Յուրիկ Բաբայանն ու Թալին քաղաքի բնակչուհի Անահիտ Բաբայանն ամուսնացել էին 1985 թվականին, ունեցել են 3 որդի: Հարազատների և հարևանների վկայությամբ՝ նրանք մշտապես անհաշտ են ապրել: 2012թ. հունվարի 26-ին կախվելու միջոցով ինքնասպան էր եղել նրանց կրտսեր որդին` Անդրանիկ Բաբայանը: Ամուսինների լարված փոխհարաբերությունն այդ դեպքից հետո ավելի է սրվել: Յուրիկ Բաբայանը որդու մահվան մեջ մեղադրել է կնոջը, իսկ վերջինս՝ ամուսնուն:
Ընտանիքում տիրող մթնոլորտի պատճառով ավագ որդին` Գարիկ Բաբայանը և նրա կինը տեղափոխվել են Երևան, իսկ միջնեկ որդին` Արսեն Բաբայանը, 2012թ. մարտի 23-ին մեկնել է Ռուսաստան: Տանը միայնակ մնացած ամուսինները գրեթե ամեն օր վիճել են, ինչի մասին տեղյակ են եղել նրանց հարազատներն ու հարևանները:
Դատավարության ընթացքում ամբաստանյալը հայտարարել է, որ թեև ծեծելու միտք ունեցել է, բայց չի ցանկացել սպանել կնոջը: Նա անընդհատ պնդում էր, որ Անահիտն ինքն է իրեն դրդել այդ քայլին: Դատարանն այդ փաստարկը թույլ է համարել. ինպես ասված է հաղորդագրության մեջ, ամբաստանյալը հենց սպանելու դիտավորությամբ էլ կնոջը դուրս է հանել բակ, երբ կինը ցանկացել է փախչել ու թաքնվել տան երկրորդ հարկի սենյակում, ամուսինը քաշել և աստիճաններից նրան գցել է գետնին, հետո բետոնի կտորով հարվածել գլխին: Համոզվելու համար, որ վերջնականապես սպանել է նրան, բաղնիքում պահած մահակը վերցրել և դրանով մի քանի անգամ հարվածել է կնոջ գլխին և մարմնի այլ մասերին:
Թե ինչու է Բաբայանը կնոջ հետ հաշվեհարդար տեսնելու համար նրան քարշ տալով հասցրել տան բակ, ամբաստանյալը պատասծանել է՝ որ «տան ներսը չմխտռվի»: Դատարանը եզրակացրել է, որ ամբաստանյալը բավական սթափ էր դատել և չէր ցանկացել, որ տունն արյունոտվի: Կնոջը դաժանաբար սպանելուց հետո ոտքերից քաշել, տարել էր ավելի զով վայր, որ վրան արև չընկնի, գլխին պարկ էր գցել, հետո փոխել հագուստները, գնացել խանութ, գնել երկու շիշ գարեջուր և այն խմելով` գնացել էր ոստիկանություն: Ճանապարհին հանդիպած հարևաններին, որոնք շտապելիս են եղել իր տուն` հայտնել էր, որ սպանել է Անահիտին: