Եթե Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում մոտ օրերին սիբիրախտ (սիբիրյան խոց) հիվանդության նոր դեպք չարձանագրվի, ապա Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչությունը մեկ շաբաթից կվերանայի կարանտինը հանելու հարցը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:
«Ծովակ, Վանեվան, Տորֆավան համայնքներում անցել է կենդանիների երկրորդ պատվաստումը: Մի քանի օրվա խնդիր է մնում, բայց, քանի որ 8-9 օր առաջ Վարդենիսի Ակունք համայնքում սիբիրախտի նոր դեպք ենք գրանցել, ուստի կարանտինը չհանվեց», – նշել է տեսչության պետը և հավելել, որ մարդկանց մոտ հիվանդության դեպք չի գրանցվել:
Մկրտչյանի խոսքով՝ մինչ կարանտինի ավարտը Վարդենիսի մսի վաճառակետերը չեն գործի:
«Եթե Վարդենիսում մորթ է արվում, ապա արվում է այն համայնքներում, որտեղ սիբիրախտի դեպք չենք գրանցել: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միս գնել, կարող են այցելել Մարտունու կիրակնօրյա շուկա: Այն գործում է անձամբ մեր հսկողության տակ և մինչև միկրոսկոպիկ ստուգում չի արվում, մսի մուտքը շուկա արգելվում է: Բացի դրանից մենք լրացուցիչ մարդ ենք դրել, որպեսզի հսկողություն իրականացնի շուկայի թվով մոտ 14-15 մսի վաճառակետերում», – ասել է Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ սիբիրախտով առաջին հիվանդ կենդանին հայտնաբերվել էր Վարդենիսում հոկտեմբերին, և հոկտեմբերի 15-ից մինչ օրս Վարդենիսի տարածաշրջանում արգելված է անասունի մորթը, և մսի վաճառակետերում դեռևս մսամթերք չի վաճառվում: