Home / Հայաստան / «Եվրոմոթորսի» տնօրենը ծեծել է հարևանին. վերջինիս վիճակը ծանր է

«Եվրոմոթորսի» տնօրենը ծեծել է հարևանին. վերջինիս վիճակը ծանր է

««Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Արթուր Եգորյանը վիճաբանության է բռնվել իր հարևանի հետ: Ծեծկռտուքի հետևանքով հարևանին տեղափոխել են հիվանդանոց, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթը նշում է, որ Արթուր Եգորյանը գործարար Փայլակ Հայրապետյանի եղբոր՝ Սուրեն Հայրապետյանի որդին է։

«Նոյեմբերի 25-ին Արթուր Եգորյանի մոր ծննդյան օրն է եղել, մինչև լուսաբաց քեֆ են արել բարձր երաժշտության ներքո՝ հարևաններին պարտադրելով ողջ գիշեր «մասնակից» լինել ընտանեկան խրախճանքին։ Անքուն գիշեր անցկացրած հարևանը համարձակվել է բարձրանալ վերև ու հիշեցնել, որ շենքում, բացի իրենցից, ապրում են այլ բնակիչներ, որոնք իրավունք ունեն գոնե մեկ ժամ քնելու։ Այս հորդորը անձնական վիրավորանք ընդունելով՝ տանտերերը, ի դեմս թասիբով որդու, իրար են անցել։ Եվ փորձել են պատժել երիտասարդին։ Քաշքշուկ է սկսվել։ Կողմերը տաքացած իջել են շենքի առաջին հարկ՝ «ռագբորկան» շարունակելու։ Միջանցքում բարձրացված աղմուկից դուրս է եկել նաև Եգորյանի դուռը թակած երիտասարդի հայրը՝ Հայկազ Խաչատրյանը։ Սկսվել է տուրուդմփոց։ Ծեծկռտուքի ժամանակ Եգորյանը հրել է Հայկազ Խաչատրյանին, ինչի հետևանքով վերջինիս գլուխը դիպել է պատին, և նա ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն», – մասնավորապես, գրում է թերթը։

«Հրապարակը» «Արմենիա» բժշկական կենտրոնից ճշտել է, որ Հայկազ Խաչատրյանն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Բժշկուհիներից մեկը, ով հրաժարվել է ներկայանալ, ասել է, որ «հիվանդի վիճակը գնահատվում է ծանր»։

Եգորյանն ազատության մեջ է, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում Արաբկիրի ոստիկանության բաժնում և նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։