Home / Հայաստան / Զինդատախազությունից պահանջում են վերականգնել բանակում զոհվածների իրավահաջորդների իրավունքները

Զինդատախազությունից պահանջում են վերականգնել բանակում զոհվածների իրավահաջորդների իրավունքները

Վերջին շրջանում զինծառայողների մահվան դեպքերին վերաբերող քրեական գործերում, որպես կանոն, տուժողների հարազատները չեն ճանաչվում տուժողի իրավահաջորդ: Այս մասին տարածած հայտարարության մեջ նշում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Իրավապաշտպան կազմակերպությունը որպես օրինակ նշում է 2011 թվականի հունիսի 30-ին զինված ուժեր զորակոչված և 2012 թվականի հուլիսի 18-ին, ըստ պաշտոնական տեղեկատվության, ստամոքսի քաղցկեղից մահացած ժամկետային զինծառայող Աշոտ Սարդարյանի գործը: Նրա հայրը որդու մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի մասին որևէ տեղեկություն մինչ օրս չունի, չնայած, որ դեպքից անցել է հինգ ամսից ավելի:

Իրավապաշտպաններն ընդգծում են, որ նա չի ստացել քրեական գործ հարուցելու մասին որոշումը և հարազատներից ոչ մեկը չի ճանաչվել տուժողի իրավահաջորդ:

«2012 թվականի նոյեմբերի 5-ին, ըստ պաշտոնական տեղեկատվության, ինքնասպան եղած Սարգիս Սեյրանյանի հայրը ևս դեռ տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել: Եվ, վերստին, զրկված է նախաքննությանը մասնակցություն ունենալու հնարավորությունից:

Ելնելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից, մեկնաբանելով պետության կողմից կյանքի իրավունքի պաշտպանության ընթացակարգային պարտավորությունների կատարման հասկացությունը` պետությունը պարտավոր է ապահովել.

– կյանքից զրկման փաստերի հետաքննության դեպքերում կյանքի իրավունքը երաշխավորող ազգային օրենքների բարեխիղճ կատարումը, երբ ընդգրկված են պետական ծառայողներ կամ մարմիններ

– վերահսկողություն մահվան դեպքերում

– զոհի ընտանիքի համար հասանելի հանգամանալից, անաչառ, արդյունավետ հետաքննության իրականացում (…):

Այսինքն, նախաքննության մարմնի կողմից տուժողի իրավահաջորդ չճանաչելը ոչ միայն զրկում է տուժողի ընտանիքին վարույթին մասնակից լինելու իր իրավունքից, արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքից, այլև խախտվում է ՀՀ քրեական դատավարական նորմերը:

Սույնով պահանջում ենք ՀՀ զինվորական դատախազությունից անհապաղ միջոցներ ձեռք առնել և զինվորական գործերով ապահովել տուժողի իրավահաջորդի՝ վարույթին մասնակից լինելու իրավունքը Աշոտ Սարդարյանի և նման այլ դեպքերում», – նշում է իրավապաշտպան կազմակերպությունը: