2012թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանն այսօր դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` խնդրելով որոշում կայացնել ընտրությունների օրը օքսիդացող թանաքների փոխարեն սովորական թանաք օգտագործելու, ինչպես նաեւ` անձը հաստատող փաստաթղթերում այնպիսի դրոշմակնիք օգտագործելու վերաբերյալ, որն իր ձեւով կտարբերվի նախկին ընտրություններում օգտագործած դրոշմակնիքից:
«Ինչպես հիշում եք, 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ օքսիդացոք թանաքները լրջագույն խնդիրներ հարուցեցին ողջ հանրապետությունով մեկ եւ էապես ազդեցին ընտրությունների հանդեպ հանրային վստահության վրա: Ստացված բազմաթիվ ահազանգերից հետո ԿԸՀ-ը որոշում ընդունեց օրվա կեսից սովորական թանաքներ օգտագործելու վերաբերյալ եւ այդ մասին տեղեկացրեց բոլոր ընտրատարածքային հանձնաժողովներին, վերջիններս էլ` տեղամասային հանձնաժողովներին», – գրել է Սաֆարյանը:
Հաշվի առնելով, որ նման խնդիրներ լինելու են նաև դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում, Սաֆարյանն առաջարկել է.
- կայացնել այդ օրը քվեարկության ժամանակ օքսիդացող թանաքների փոխարեն սովորական թանաքներ գործածելու վերաբերյալ որոշում, ինչպես որ դա արվեց մայիսի 6-ին, եւ թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովի միջոցով այդ որոշման մասին տեղյակ պահել 35 տեղամասային հանձնաժողովներին,
- ապահովել, որպեսզի ընտրողների անձը հաստատող փաստաթղթերում դրոշմակնիքն իր ձեւով տարբերվի նախկին ընտրություններում օգտագործված դրոշմակնիքից: