Մատաղիսի աղմկահարույց գործով երեք կասկածյալների դատական քննության ձգձգումը պատահական չէ. դատախազությունը նպատակ ունի ժամանակ շահել, նոր փաստեր «հորինել» մեղադրանքից չհրաժարվելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է մեղադրյալներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի ու Արայիկ Զալյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ հերթական անգամ Զինդատախազությունը վերցրել է մի վարկած, որը ամեն գնով առաջ է տանում: Նշենք, որ մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը
Հիշեցնենք, որ վերջին մի քանի դատական նիստերը չեն կայացել՝ մեղադրող 3 դատախազների տարատեսակ պատճառաբանություններով: Մասնավորապես, նրանցից մեկը հիվանդ է եղել, մյուսը նշել է, որ պատրաստ չէ ճառի:
«Մենք տեսնում ենք, որ Զինդատախազությունը ոճը չի փոխել, թեև դրա կազմը փոխվել է: Երկու հոգի են ինքնախոստովանական ցուցմունք տվել, նրանից մեկը հաստատ սուտ ցուցումքն է տվել: Ինչ վիճակի մարդու պետք է հասցնեն, որ նա խոստովանի մի արարք, որ չի արել: Նախկին զինդատախազը (նկատի ունի ներկայումս ՀԱԿ պատագամավոր Գագիկ Ջհանգիրյանին – խմբ.), չգիտեմ ինչու, հենց այս երեքին է որոշել պատժել տեղի ունեցածի համար: Ես մտածում եմ, որ նրա մոլորությունն այնքան էլ բարեխիղճ չի եղել»,- ասել է Ալումյանը:
Հիշեցնենք, որ Մատաղիսի զորամասում 2 զինվորների (Ռոման Եզիազարյան ու Հովսեփ Մկրտումյան) սպանության համար մեղադրվում են նույն զորամասի 3 զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանն ու Արայիկ Զալյանը: Ըստ քրեական գործի՝ դեպքը տեղի է ունեցել 2003 թվականի դեկտեմբերի 24-ին, երբ երկու զինծառայողները դուրս են եկել զորամասից, հետո հունվարին նրանց դիակները գտնվել են ոչ հեռու գտնվող գետի մեջ:
Դատախազության վարկածի հիմքում դրված է Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որը, ըստ պաշտպանական կողմի, ձեռք է բերվել խոշտանգումների միջոցով: Փաստաբանները նշում են, որ երկու անգամ Ռազմիկ Սարգսյանի դեմ սուտ մատնություն է տվել իր նախկին ընկերուհին: Նա ասել է, թե իբր Ռազմիկն իրեն սպառնացել է՝ ասելով՝ «տես, դու էլ իմ զոհը չդառնաս»:
Դատարանում, սակայն, կինը խոստովանել է, որ նման ցուցմունք գրել է դատախազի հրահանգով: Ալումյանի խոսքով՝ այդ կինը Ռազմիկի դեմ անձնական ատելություն ունի. նա նախկին ընկերուհին է և վիրավորվել է, երբ վերջինս նշանվել է այլ կնոջ հետ:
«Երբ վերջին դատական գործերը հետաձգվում էին, մենք մտածում էինք՝ դատախազությունը տեսնում է, որ չկա որևէ ապացույց և հրաժարվելու է գործից: Սակայն կարծես այդ կնոջը կրկին ուզում են ցուցմունք տալ ստիպել», – ասել է Ալումյանը՝ հավելեով, որ դա հնարավոր է, քանի որ սուտ մատնություն տված կինը խոցելի և ակռավարելի դիրքում է:
8.5 տարվա քննության ընթացքում զոհերի ծնողները համոզվել են, որ իրենց որդիներին չեն սպանել նրանք, ովքեր հիմա մեղադրվում են:
Հովսեփ Մկրտումյանի հայրը՝ Մովսես Մկրտումյանը, այսօր լրագրողներին ասել է, որ մեղադրվողներն անմեղ են:
«Իմ որդուն ջրից հանել են հունվարի 9-ին, նրա դին դեռ թարմ էր, ի տարբերություն Ռոմանի դիակի, որը հանվել է հունվարի 10-ին, ամբողջովին քայքայված էր: Նրանք նույն օրը չեն սպանվել»,- ասել է սպանված զինվորի հայրը՝ հավելելով, որ բազում այլ սխալներ կան քրեական գործում:
«Բանտերում կան շատ մարդիկ, ովքեր անմեղ են, իսկ դրսում ազատություն են վայելում շատ հանցագործներ, որովհետև դատարանը անկախ չէ: Այդպես է լինելու, քանի դեռ հասարակությունը անտարբեր է», – ասել է Ալումյանը: