Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր տարածած հայտարարությամբ հաստատել է իր օժանդակությունը Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ֆուտբոլի միասնական առաջնության ստեղծման գաղափարին: Նշենք, որ տվյալ գաղափարը առաջ է քաշվել «Զենիթ» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավոր «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը: Նրա խոսքով՝ մի շարք հարցերի կարգավորման դեպքում «Զենիթը» կարող է նոր առաջնությունում խաղալ:
«Ներկա պահին ԱՊՀ բոլոր երկրների ազգային առաջնություններում ձևավորվել են ուժեղ թիմեր, որոնք ճանաչում են ստացել ոչ միայն տվյալ երկրներում, այլ նաև ամբողջ աշխարհում: Այնուամենայնիվ, մենք համոզված ենք, որ հետխորհրդային տարածքի լավագույն ակումբների մրցակցությունը ԱՊՀ միացյալ առաջնության շրջանակներում կնպաստի ֆուտբոլի զարգացմանը ինչպես ակումբային, այնպես էլ ազգային հավաքականների մակարդակով և, որ այսպիսի տարբերակով առաջնության անցկացումը հնարավորություն կտա բոլորիս առավել արդյունավետությամբ պայքարելու միջազգային ամենաբարձր տիտղոսների համար:
Նախկինում մենք ևս հանդես ենք եկել նման նախաձեռնությամբ, սակայն այժմ, երբ ստեղծվել են ավելի բարենպաստ պայմաններ այս գաղափարի իրականացման համար՝ առավել քան վստահ ենք, որ այս մտահղացումն իր աջակցությունը կստանա նաև ԱՊՀ մյուս երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների կողմից: Ուստի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կոչ է անում նրանց ակտիվ երկխոսության և համագործակցության` առաջիկայում ԱՊՀ երկրների ֆուտբոլի առաջնության ստեղծման և անցկացման նպատակով», – ասված է ՀՖՖ պաշտոնական հայտարարության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ տվյալ գաղափարին դրական էր արձագանքել Բելառուսի վերջին տարիների չեմպինոը՝ ԲԱՏԵ ակումբը: