Ճանապարհային ոստիկանության ընթացիկ տարվա 9 ամսվա արդյունքով էապես գերակատարվել է եկամտի ծրագիրը, ինչը պայմանավորված է երթևեկության կանոնների պահպանման հսկողության ավտոմատ համակարգի ներդրմամբ: Այս փաստը հաշվի առնելով, ՀՀ կառավարություն իր այսօրվա նիստի ընթացքում որոշել է գերակատարմամբ ստացված գումարի մի մասը նույնպես տրամադրել նշված համակարգի առաջանցիկ զարգացմանը։ Մասնավորապես, սարքերի և սարքավորումների ձեռքբերմանը կուղղվի մոտ 1 մլրդ 300 մլն դրամ, համակարգի պահպանման և սպասարկման աշխատանքին՝ մոտ 145 մլն դրամ։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ երեկ՝ «Մայքրոսոֆթի» կենտրոնի բացման ժամանակ, ոստիկանությանը մի հետաքրքիր ծրագիր են առաջարկել երիտասարդ մասնագետները։ Եթե ավտոմեքենան նկարահանվում է և խախտման համար արժանանում տուգանքի, ապա ծրագիրը հնարավորություն է տալիս անմիջապես հաղորդագրություն ուղարկել վարորդին։ Վերջինս ոչ միայն իմանում է, որ իր խախտումն արձանագրվել է, այլև՝ թե որքան է վճարելու։
«Ծրագիրն արդեն պատրաստ է, մնում է այն ներառել տվյալների շտեմարան», – ասել է վարչապետը։