Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, ողջունում է բոլոր այն համագործակցությունները, որոնք ուղղված են Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալելուն: Այս մասին նա ասել է «Առավոտի» հետ զրույցում՝ անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը:
«Բոլոր համագործակցությունները, որոնք ուղղված կլինեն Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալելուն… ոչ միայն ՀԱԿ-ը, թող «Ժառանգությունը», «Ազատ դեմոկրատները», եթե ընդդիմություն են, համագործակցեն ԲՀԿ-ի հետ: Զոհերի ծնողների մոտ իշխանության գալու խնդիր դրված չէ, մի խնդիր է դրված՝ ազատվել այս իշխանությունից, որպեսզի Մարտի 1-ի սպանությունները բացահայտվեն:
Տիկին Հովհաննիսյանը Ռոբերտ Քոչարյանին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողքին չի տեսնում. «Այս հինգ տարիների մեջ կոնկրետ Սերժ Սարգսյանն ինձ համար շատ ավելի վատն է, քան մնացած բոլոր քաղաքական գործիչները: Ինձ համար Սերժ Սարգսյանը հավասար է Ռոբերտ Քոչարյանին, որովհետեւ ինքն այս հինգ տարիների ընթացքում ապացուցեց, որ Ռոբերտ Քոչարյանին հավասար հանցակից է, ոչ մի բանով չի զիջում և ամեն ինչ արեց, որպեսզի սպանությունները չբացահայտվեն: Ավելին՝ արդեն պատվերներ են տալիս հայոց պատմության դասագրքեր ստեղծելու, պատմությունը խեղաթյուրելու, որը միայն և միայն իշխանության հրահանգն է: Ես համոզված եմ, որ Էդիկ Մինասյանը ոչ մի կապ չունի դրա հետ: Անգամ՝ երևի ինքն էլ չի գրել»:
Կրկին խոսելով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին՝ տիկին Հովհաննիսյանն ասել է, որ դա մեզ հույս կներշնչի, որ Սերժ Սարգսյանի իշխանությունից հնարավոր է ազատվել:
«Այս պահին ես արդեն համոզված եմ, որ եթե ինքը ևս հինգ տարի մնա, Մարտի 1-ի սպանությունները չեն բացահայտվելու, և գնալով գույներն ավելի մգացվելու են, ինչպես հիմա են անում: Հատուկ քննչական ծառայության երկրորդ զեկույցը առաջինից վատն էր, հիմա դասագիրք են տպագրում, գրում են՝ «երկուստեք հրաձգություն», որը մինչև հիմա չի եղել անգամ ոստիկանության խրոնիկայում: Այսինքն՝ այսօրվա դրությամբ մենք վախենալու որևէ բան չունենք, որովհետև Սերժից վատ, Մարտի 1-ի հետ կապված, որևէ մեկը մեզ համար չի կարող լինել: Իսկ Քոչարյանը, ես չեմ կարծում, որ նա հետ կգա քաղաքականություն, կամ որևէ մեկը նրա կողքին կկանգնի Մարտի 1-ից հետո»:
2013-ի ընտրություններում տեսանելի՞ է գործող իշխանությունից ազատվելու հնարավորություն «Առավոտի» հարցին Տիկին Խաչատրյանը պատասխանել է. «Իմ ամենամեծ ցանկությունն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը լինի ընդդիմության միասնական թեկնածուն, բոլորը միանային, անձի խնդիր չդնեին ու մեզ ազատեին այս իշխանությունից»: Հարցին՝ եթե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լինի միասնական թեկնածուն, նույն վստահությամբ նրա շուրջ համախմբվելուն կողմ կլինե՞ք, պատասխանել է. «Ճիշտն ասած, եթե Գագիկ Ծառուկյանը լինի ընդդիմության միասնական թեկնածուն, ես երևի ընտրության չգնամ»: