Վերջին շրջանում Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ստուգումներ է սկսել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Թերթը նշում է, որ նախորդ շաբաթ՝ Մոսկվա մեկնելուց առաջ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրահանգել է առժամանակ դադարեցնել ստուգումները՝ ասելով, որ տվյալ հարցի վերաբերյալ որոշում կլինի իր վերադարձից հետո:
«Սակայն Հայաստանից նրա բացակայության օրերին Միքայել Մինասյանի (Սերժ Սարգսյանի փեսան – խմբ.) անունից ՊԵԿ-ին հրահանգ է իջեցվել՝ շարունակել ստուգումները: Ծառուկյանն էլ, ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների, Սերժ Սարգսյանին միանգամից տեղյակ է պահել կատարվածի մասին: Արդյունքում՝ վերջինս Մոսկվայից զանգահարել է ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանին՝ պահանջելով առժամանակ հանգիստ թողնել ԲՀԿ ղեկավարի «օբյեկտները»», – գրում է թերթը՝ հավելելով, որ ՊԵԿ լրատվական ծառայությունից տվյալ տեղեկությունները հերքել են: