ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և այսօր պաշտոնական այցով Երևան ժամանած Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը համատեղ հայտարարություն են ստորագրել:
Հայտարարության մեջ կողմերը հաստատել են, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները ստեղծել են ամուր հիմք քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և հումանիտար համագործակցության տարբեր ոլորտներում երկկողմ կապերի հետագա ընդլայնման համար:
«Միջազգային արդիական հարցերի շուրջ մտքեր փոխանակելիս, նախագահները հաստատեցին համաշխարհային քաղաքականության առավել կարևոր հարցերի շուրջ երկու պետությունների դիրքորոշումների մոտ լինելը կամ համընկնելը, ինչպես նաև ընդգծեցին Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի երկուստեք ձգտումն աջակցելու տարածաշրջանային և միջազգային մասշտաբներում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը:
Այս համատեքստում պետությունների ղեկավարներն ընդգծեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում և առաջին հերթին Միավորված Ազգերի Կազմակերպությունում երկու երկրների ջանքերի և փոխգործակցության համակարգման անհրաժեշտությունը:
Պետությունների ղեկավարներն ընդունեցին համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունն այնպիսի անդրսահմանային վտանգների դեմ պայքարում, ինչպիսիք են՝ ահաբեկչությունը, կրոնական ծայրահեղականությունը, կազմակերպված հանցավորությունը և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Նախագահներն ընդգծեցին երկկողմ հարաբերությունները խթանելու, համագործակցության տարբեր ձևերի զարգացման, համագործակցության հեռանկարային ուղղությունների որոնման, երկկողմ քաղաքական խորհրդատվությունների փորձառության կատարելագործման անհրաժեշտությունը:
Քննարկելով առևտրատնտեսական կապերին վերաբերող հարցերը` Նախագահները նշեցին այդ ոլորտում փոխգործակցության կարևորությունը և հավասարության, փոխշահավետության և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա երկու պետությունների միջև տնտեսական գործակցության ամրապնդման և ընդլայնման գերակայությունը:
Երկու երկրների ղեկավարները գոհունակությամբ ընդգծեցին, որ կայացած կառուցողական և արդյունավետ բանակցությունները, ինչպես նաև այցի ընթացքում ստորագրված երկկողմ փաստաթղթերը կնպաստեն Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ գործընկերության հետագա ամրապնդմանը», – մասնավորապես, նշված է համատեղ հայտարարության մեջ:
Թուրքմենստանի նախագահը ՀՀ նախագահին հրավիրել է պաշտոնական այցով այցելել Թուրքմենստան՝ իրեն հարմար ժամանակ: Հրավերն ընդունվել է, իսկ այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով: